Երեկ պաշտոնապես հայտարարվեց այն տեղեկությունը, թե «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ եւ պահանջում է 160 միլիոն դոլարի փոխհատուցում։ Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Ընկերությունը պնդում է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում վնասներ է կրել. «Կարծում ենք, որ դա տրամաբանական չէ։ Պատճառաբանությունը այն է, որ այդ ընթացքում ծրագրին օժանդակելու նպատակով, երբ Հայաստանի կառավարությունը եղել է Չինաստանում, քննարկել է նաեւ այդ հարցը։ Եվ «Ռասիա ՖԶԷ»- ն այսօր ինչ-որ պատճառաբանություններ է բերում, թե դա ազդել է իր հետագա ծրագրերի վրա»։
Իհարկե, նախարարի համոզմամբ՝ անհանգստանալու հիմքեր չկան, քանի որ հայկական կողմի դիրքերը ամուր են, այսինքն արբիտրաժը չի բավարարի «Ռասիա ՖԶԷ»-ի հայցը։ «Կարծում եմ, այստեղ մեր հիմքերը, մեր փաստարկներն ամուր են, խիստ անհանգստանալու կարիք չկա։ Այնուամենայնիվ, մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք, միջոցներ ձեռնարկվում են։ Կառավարության կողմից եւս ներգրավվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություն մեր շահերը պաշտպանելու համար»,- ասել է նախարարը։
Թե որքանով կիրականանան նախարարի կանխատեսումները, այս պահին դժվար է ասել։ Բայց հավանականությունը, որ «Ռասիա ՖԶԷ»-ն արբիտրաժում հաջողության չի հասնի, բավականին մեծ է։ Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը, եթե մեղմ արտահայտվենք, չափազանց կասկածելի է, այսօրվա բառապաշարով ասած՝ «ֆեյք» է։ Այն գրանցված է Դուբայում, չունի որեւէ կենսագրություն, չունի կոնտակտային տվյալներ, զբաղեցնում է մի փոքր գրասենյակ մի ինչ-որ օֆիսային շենքում ու իր վրա էր վերցրել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման 3.5 միլիարդից 5 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի իրականացմանը։
Այդուհանդերձ, այս ընկերության գործողությունները որոշակի անհանգստություն են պատճառելու կառավարությանը։ Նույնիսկ որոշակի ֆինանսական կորուստներ կարող է ունենանք մեր շահերը արբիտրաժում պաշտպանելու համար կատարվող ծախսերի տեսքով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում