ՓՄՁ ներկայացուցիչների և արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրուցում տեղեկացրեց, որ այս պահին շուկայում թանկացումներ են տեղի ունեցել, որի պատճառը ներկրման ծախսերի ավելացումն է:
«Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրելու ծախսը 3 դոլարից դարձել է 4 դոլար 30 ցենտ: Մենք բողոքում էինք` ասելով, որ յուրաքանչյուր կիլոգրամի համար «Նորֆոլկ» ընկերությանը 70 ցենտ ավել գումար ենք մուծում, բայց այդ ընկերության փակվելուց հետո փոխանակ ներկրվող 1 կգ ապրանքի մաքսազերծման արժեքը 70 ցենտով նվազեր, 1 դոլար 30 ցենտով ավելացավ: Մեզ համար հասկանալի չէ այդ թանկացման պատճառը և պատրաստվում ենք այս հարցը ՊԵԿ–ում բարձրացնել»,– ասաց Ա. Ներսիսյանը:
Կազմակերպության ղեկավարի խոսքով, իշխանությունները մի կողմից ասում են, որ ամեն ինչ անելու են ՓՄՁ–երի զարգացման համար, սակայն իրականացվող քայլերն ուղղակի հարվածում են ձեռնարկատերերին և ձեռներեցներին, ինչը ոչ միայն թույլ չի տալիս նախորդ կառավարության ժամանակ իրականացված փոփոխությունների հետևանքով հասցված վնասի չափը մեղմել, այլև նոր խնդիրների առջև է կանգնեցնում նրանց: «Ինչպես հասկանում ենք, գնալով ավելի է սրվում իրավիճակը: Սա մեծ հիասթափության պատճառ է, և ձեռնարկատերերը պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Իմ անձնական վերլուծությունների արդյունքում հանգում եմ այն եզրակացության, որ տարին ավարտվում է, պետք է բյուջե լցնեն, այդ իսկ պատճառով էլ կրկին հիշել են ՓՄՁ–ներին»,– ասաց Ա. Ներսիսյանը:
Ով եկավ, առաջինը ՓՄՁ–ներին սկսեց հարվածել ու ողջ երկրի պարտք ու պահանջները դրեցին նրանց վրա, անհանգստանում է կազմակերպության ղեկավարը: Ստացվում է, որ այդ ոլորտը դիտարկում են որպես զոհ և այն զոհաբերելով են փորձում բյուջեն լցնել: Սա արատավոր մոտեցում է, որը պետք է փոխվի, ահազանգում են ձեռնարկատերերը, հակառակ դեպքում եղած ռեսուրսն էլ կփոշիանա:
«Երբ ուզում են «մատաղ» անել, առաջին հերթին ՓՄՁ–ին են հիշում: Մեկ այլ խնդիր էլ կա: Եթե նախկինում կարգոները ապրանքը մաքսազերծում էին և ձեռնարկատիրոջը հասցնում իր վաճառակետում, ապա հիմա ձեռնարկատերերն իրենք պետք է գնան օրերով, ժամերով հերթ կանգնեն, ձևակերպումներն իրականացնեն: Այսինքն, իրենց գործը պետք է թողնեն, գնան բեռի մաքսազերծման համար օրերով ժամանակ ծախսեն: Եվ եթե, օրինակ, օրական 10 բեռնատար է մաքսակետ հասնում, և յուրաքանչյուր բեռնատարի մեջ 10 ձեռնարկատիրոջ ապրանք կա, ապա յուրաքանչյուր օր 100 մարդ պետք է հերթ կանգնի, որպեսզի իր ապրանքը մաքսազերծի: Բացի այդ, մեկ այլ լրջագույն խնդիր կա: Այն ձեռներեցը, որը առաջինն է իր ապրանքը մաքսազերծում, ավելի շուտ է կարողանում իր ապրանքը շուկա հանել: Եվ այդ պայմաններում, օրինակ, 100–երորդ մաքսազերծողը չի կարողանա նրա հետ մրցակցել, քանի որ որոշ ժամանակ անց է կարողանալու մաքսազերծել իր ապրանքը: Սա էլ իր հերթին է լրացուցիչ լարվածություն առաջացնում»,– ասաց Ա. Ներսիսյանը:
Նման պայմաններում մարդիկ չեն կարողանում իրենց վարկային պարտավորություններն իրականացնել, և ստացվում է, որ շատ արագ կարող են դուրս մնալ շուկայից: Կազմակերպության ղեկավարի խոսքով, բիզնեսն այն ոլորտն է, որտեղ ձեռնարկատերերը ոչ միայն առաջիկա մեկ–երկու ամսվա, այլև մի քանի տարվա հաշվարկներ են իրականացնում, որպեսզի կարողանան մրցակցել ու դուրս չմնալ շուկայի պահանջներից:
«2013 թվականին, դպրոցական սեզոնի ժամանակ 1 տաղավարը օրական 5–6 մլն դրամի առևտուր էր իրականացնում, բայց հիմա այդ թիվը հասել է ամենաշատը 800 հազար դրամի: Ի դեպ, դրան նպաստեց նաև այն, որ ԿԳ նախարարը հայտարարեց, թե սև և սպիտակ համազգեստով դպրոց հաճախելը պարտադիր չէ: Մեր իշխանությունները պետք է հաշվի առնեն նաև, որ շուկան շատ զգայուն օրգանիզմ է և որևէ հայտարարություն անելուց առաջ պետք է մտածեն նաև, թե ձեռներեցներն ինչքան վնաս կարող են կրել ընդամենը մեկ այդպիսի հայտարարության պատճառով: Այսինքն, եթե որևէ փոփոխություն են ցանկանում իրականացնել, պետք է նախօրոք, մի քանի ամիս առաջ հայտարարեն, որպեսզի ձեռնարկատերերը չտուժեն: 10 հազար դոլարի վնասը վերականգնելու համար ձեռնարկատերը պետք է տարիներ շարունակ աշխատի: Այսօրինակ հարցերը մանր են թվում, բայց իշխանությունները պետք է շատ զգոն լինեն, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջացնեն ՓՄՁ ներկայացուցիչների համար»,– ասաց Ա. Ներսիսյանը:
Հասարակական կազմակերպության նախագահը նշեց նաև, որ հունիսի 2–ին կազմակերպության կողմից նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս նամակի պատասխանն անգամ չի ստացել: Նամակով փորձել են վարչապետին տեղեկացնել, որ բավականին մոտիկից ծանոթ լինելով թե՛ ժողովրդի և թե՛ պետության խնդիրներին, պատրաստ են անշահախնդիր, անգումար և անմնացորդ աշխատել հանուն ժողովրդի և պետության շահերի, սակայն մինչ օրս բոլոր առաջարկները մնացել են օդում կախված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում