Հետիշխանափոխական ժամանակների սկզբնական շրջանում ցնցող լուրերի հիմնական «արտադրողը» Արթուր Վանեցյանի գլխավորած Ազգային անվտանգության ծառայությունն էր, ավելի ճիշտ՝ պետության հատուկ ծառայության բացահայտումները, նկարահանումները, հայտարարությունները: Բայց կարծես այդ ամենը որոշվել է թողնել վայրիվերումային անցյալում եւ վերադառնալ «անձայն-անշշուկ» գործելակերպի, պարզ ասած, նորից ոչ հրապարակային դառնալ: Այնուամենայնիվ հատուկ ծառայություն է:
Համենայն դեպս նման տպավորություն ստացանք լրագրողների հետ երեկվա զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ասածներից: Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե՛ իր ղեկավարած կառույցը մի տեսակ հանգստացել է: Տնօրենի խոսքով՝ ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ ուղղակի չի հրապարակում իր արած բացահայտումները:
«Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ-ի հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով, սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր, եւ հրապարակայնությունը շատ-շատ էր։
Կամաց-կամաց, հարգելի լրագրողներ, խնդրում եմ սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երեւալու,- ասաց Արթուր Վանեցյանը, ապա քիչ անց հստակեցրեց:- Չէ, բաց լինելու եմ, խնդրում եմ չշփոթել: Ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել հարցազրույցները, քանի որ, կարծում եմ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան չպետք է հրապարակային լինի»:
Հետաքրքիր մոտեցում է, այնուամենայնիվ: Բայց, կարծում ենք, որպես կադրային ԱԱԾ-ական Արթուր Վանեցյանը չի ասում այն, ինչ իրականում մտածում է: Շատ հնարավոր է, որ նրա հաճախակի հարցազրույցները, նրա ու իր ղեկավարած կառույցի նկատմամբ հետաքրքրությունը, որոշակի վարկանիշը կարող էին շարժել որոշ թավշահեղափոխական գործիչների խանդը: Հեղափոխականները նման հատկանիշներ ունենում են:
Ու, հնարավոր է, Արթուր Վանեցյանին «խնդրել են» տեսախցիկների առաջ քիչ երեւալ, նա էլ, միամիտ չլինելով, թերեւս ընդունել է այդ խնդրանք-հորդորը: Թե չէ մի տեսակ տարօրինակ տպավորություն է ստեղծվում, այն իմաստով, թե այդ ո՞նց է, որ ԱԱԾ-ն բացահայտումներ ունի, բայց չի հրապարակում: Ինչո՞ւ:
Բա ո՞ւր մնաց հանրությունից թաքուն չպահելը, եթե իսկապես բացահայտված նոր բան կա: Բա ո՞ւր մնաց հարկատուներին հաշվետու լինելու սկզբունքը: Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-ինչ բացահայտումներ ունեն, բայց մյուս բոլոր հատուկ ծառայությունների նման պարզապես ըստ անհրաժեշտության ու առանց հրապարակայնացման օգտագործում են այդ տեղեկությունները:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում