Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանը պատրաստվում էր մեկնել երկրից, քանի որ ունի նաեւ դիվանագիտական անձնագիր, բայց հետո իմացել են, որ մեկնելու խոչընդոտ կա, եւ հրաժարվել են այդ մտքից։ Ըստ Սողոմոնյանի, այդ հարցը դեռ փաստաբանները պետք է պարզեն, թե ինչպես է ստացվել, որ մեկնելու խոչընդոտ է առաջացել։ Ինչ վերաբերում է Քոչարյանի մյուս՝ տեղական անձնագիրը ՀՔԾ-ում պահելուն, ապա Սողոմոնյանը սա համարում է օրենքի խախտում։
Դրանից հետո դիմեցինք ՀՔԾ՝ հասկանալու, թե ինչու են Քոչարյանի անձնագիրը պահում իրենց մոտ, ո՞ր օրենքով։ ՀՔԾ-ում այս պարզ հարցին պատասխանեցին մի քանի ժամ հետո եւ այդպես էլ որեւէ օրենքի հղում չարեցին։ Միայն ասացին՝ ՀՔԾ-ն իրավունք ունի մեղադրյալի անձնագիրը վերցնել, իսկ թե որ օրենքով՝ այդպես էլ չասացին։ «Այդ մասով մանրամասներ չենք հայտնում, չենք մեկնաբանում»,- ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Բայց մեզ պետք էր ոչ թե մանրամասներ հայտնել կամ մեկնաբանել, այլ ընդամենը օրենքի կետը նշել։ ՀՔԾ-ում, ինչն արդեն զարմանալի չէ, կարծես թե այնքան էլ չեն տիրապետում օրենքներին, դրա համար միանգամայն հասկանալի է, թե ինչու չեն կարողանում իրենց որոշումները հիմնավորել՝ օրենքի կոնկրետ կետերին հղում անելով։ Կամ հիմնվում են այնպիսի օրենքների վրա, որոնք առանձին տարակուսանք ու հարցեր են առաջացնում։
Բայց ամենակարեւորը՝ ՀՔԾ-ն Քոչարյանի մասով նաեւ որոշում է կայացրել երեկ՝ ըստ էության սրբագրելով իր տարօրինակ որոշումները։ Ինչպես տեղեկացրեց ՀՔԾ խոսնակը, 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի քրգործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։ Սրանով ՀՔԾ-ն փաստացի փորձում է արդարացնել եւ սրբագրել իր որոշումը՝ Քոչարյանի անձնագիրն իր մոտ պահելու մասով, որ հետո հարց չառաջանա, թե ինչու է անձնագիրը պահում իր մոտ․ կա խափանման միջոց, դրա համար էլ պահում ենք։ Նկատենք, որ անձնագիրը քննչական մարմնի մոտ պահելու պրակտիկան, իրականում, գալիս է դեռ Քոչարյանի թվերից, իսկ գուցե՝ ավելի վաղ շրջանից։ Այսպես ասած, նման պրակտիկա է ձեւավորվել․ մարդուն մեղադրանք առաջադրելիս միշտ անձնագիրը քննիչը վերցրել է՝ չհիմնավորելով, թե ինչու։ Երբեմն անգամ խափանման միջոց՝ բնակավայրից չբացակայելու ստորագրություն չվերցնելով։ Եվ այլ արատավոր երեւույթների նման, սա եւս արմատացավ ու փոխանցվեց նոր ժամանակներ։ Հիմա Քոչարյանի դեմ կիրառվում է այն ամենը, ինչը ժամանակին Քոչարյանն ինքն էր ապօրինաբար կիրառում իր համար անցանկալի անձանց դեմ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում