Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող դերասան Հայկ Մարությանը չունի քաղաքական փորձ եւ այդ պատճառով իր հայտնի ելույթում թույլ է տվել անզգույշ արտահայտություններ: Դա ինձ համար այնքան էլ մեծ խնդիր չէր լինի, եթե նրա ավելի մեծ քաղաքական «ստաժ» ունեցող թիմակիցները փորձեին շտկել դերասանի ասածները: Բայց քանի որ դա տեղի չունեցավ, ենթադրելի է, որ Հայկն ուղղակի պարզ ու անկեղծ արտահայտում է այն, ինչ մտածում են իր քաղաքական թիմի անդամները, սակայն երբեմն զգուշանում են բարձրաձայն ասել:
Տրամաբանությունը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. «Մենք («Քաղաքացիական պայմանագիրը», «Իմ քայլը» դաշինքը, Փաշինյանի զինակիցները) եւ միայն մենք ենք մարմնավորում ժողովրդին: Եվ այդ պատճառով մենք սպիտակ ուժեր ենք, լավն ենք, քաղցր ենք, անթերի ենք, եւ, հետեւաբար, մեր, այսինքն՝ ժողովրդի դեմ խաղ չկա: Կան նաեւ «ոչ մենք», այսինքն՝ «ոչ ժողովուրդ», եւ քանի որ «նրանք» ժողովուրդ չեն, նրանք սեւ ուժեր են, ժողովրդին դեմ են եւ պետք է քաղաքականապես ոչնչացվեն»:
Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում դա կարելի է հասկանալ այսպես. կա «մենք»-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, որին պետք է քվեարկել, եւ կա «ոչ մենք»-ը՝ «Լույս» դաշինքը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ այլն, որոնց քվեարկել պետք չի: Սպիտակ ուժերը «մենք» ենք, սեւը՝ «ոչ մենք»: Բոլոր նրանք, ովքեր գտնվում են «մենք»-ի շրջանակներից դուրս եւ չեն ցանկանում, որ «մենք» հաղթենք, թալանչի են, ավազակ են, ժողովրդի արյունը խմող են եւ ընտրակեղծարար:
Ինձ թվում է՝ այստեղ կա մեթոդաբանական սխալ: «Ժողովուրդ» հասկացողությունը հնարավոր չէ սահմանափակել որեւէ՝ թեկուզ շատ մեծ խմբով: Այս պահին, այո, ժողովրդի մեծամասնությունը համակրում է Նիկոլ Փաշինյանին եւ որոշ վերապահումներով՝ նրա թիմին: Բայց նախ՝ այս վիճակը, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքական իրավիճակ, ժամանակավոր է: Իսկ երկրորդ՝ ժողովուրդ են նաեւ նրանք, ովքեր ներկայիս վարչապետին չեն համակրում: «Ժողովուրդ» բառը փաղաքշանք կամ հաճոյախոսություն չի: Ժողովուրդ են այլ կուսակցությունների համակիրները, ժողովուրդ են նաեւ ՀՀԿ-ականները եւ քոչարյանականները, ժողովուրդն են նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, ժողովուրդ են նաեւ հանցագործները կամ նրանք, ովքեր կասկածվում են հանցագործության մեջ: «Ժողովրդի կողքին» («ժողովրդի հետ») եւ «ժողովրդին դեմ» արտահայտություններն ինձ համար իմաստազուրկ են: Կան պետության օրենքները հարգողներ, եւ կան օրենքներ խախտողներ, որոնք պետք է պատժվեն՝ մնացած որակումները խիստ կամայական են: Ինչպես սեւն ու սպիտակը:
…Գեորգի Դանիելիայի «Կին-ձա-ձա» կինոկատակերգությունում մի հեռավոր մոլորակում մարդիկ հատուկ գործիք ունեն՝ «վիզատոր», որի միջոցով իմանում էին՝ «ով ինչ գույնի է»: Բայց այնտեղ մարդիկ բաժանվում էին «կանաչների» եւ «նարնջագույների»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տրամաբանութեամբ և ողջմտութեամբ գրուած տողեր -արդէն երէկ Վարչապետն ալ իր յայտարարութեան մէջ ըսած է ՛՛ որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ ՛՛
Սակայն աւելորդ մարզանք կը համարիմ ամէն անոնց ճիգը որ առիթէն օգտուելով կը փորձեն վարկաբեկել հսկայական ժողովրդական առողջ յեղափոխական բայց ԽԱՂԱՂ և անարիւն շարժում մը որուն նմանը գտնելու համար պէտք ենք հասնիլ մինչեւ 451 թ. ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՒՈՆԴԵԱՆՑ պանծալի օրերուն ;
Կեցցեք Հենրի,
Լիովին կիսում եմ Ձեր մոտեցումը: Լրատվամիջոցներում վերջին օրերի հիստերիան զարմացնում է: Ցանկացած իրավիճակը կարելի է վերլուծել տարբեր տեսանկյուններից: Սակայն սթափ գնահատել իրավիճակը և ճիշտ առաջնահերթություններ որոշել, չփոշիացնելով այդքան դժվարություններից հետո ձեռքբերվածը, այդ կարողությունը պարզվում է բոլորին չի տրված: Ձեր դիտարկումը պատասխանատու և սրտացավ ՔԱՂԱՔԱՑՈՒ ողջամիտ մոտեցում է: Հուսամ, որ Ձեր նմանները քիչ չեն:
Հիմա ով կգա իշխանության պարտավոր է փոխել նախկին համակարգը նոր համակարգով, համակարգ փոխելը՝ դա ռազմավարական խնդիր է, ոչ թե մարտավարական, կարճ ասած, ծրագրավորողը այնպիսի ծրագիր պետք է գրի, որ անկախ թե ով կլինի հաշվապահը, ծրագիրը միատեսակ աշխատի, համակարգը՝ դա ծրագիրն է, մեզ այսօր համակարգ ծրագրավորողներ են պետք, հետո նոր միայն մարտավար հաշվապահներ:
Ես ճիշտն ասած այդ աղմուկի իմաստը չեմ հասկանում: Մարդն իր կարծիքն է արտահայտել և այդ կարծիքը գուցե մի փոքր կոպիտ ելևեջներ ունի, բայց իմաստավորված է: Այո կան սևեր, և պետք է նրանցից մաքրել Հայաստանը: Իսկ եթե մարդիկ կան, որ չգիտեն թէ ովքեր են նրանք ապա լավ կլինի մի 6 ամիս հետ գնան ու Հայլուր կամ «սերժաբեր» նայեն, գուցե կհասկանան…