Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական խայթոցներ Փաշինյանի իշխանության ուղղությամբ

Սեպտեմբեր 05,2018 12:00

Մոսկվան անցնում է հզոր քարոզչական ճնշման ռեժիմի

Հայ-ռուսական հարաբերություններում որոշակի անհարթություն կա: Դրա դրդապատճառների մասին արդեն խոսվել է: Ասվել է նաեւ, որ այս իրավիճակում կլինեն «պղտոր ջրում ձուկ որսացողներ»: Նաեւ կանխատեսել էինք, որ Մոսկվան կաշխատի «շահագրգիռ» կողմերի հետ՝ գուցե ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխանություններին ինչ-ինչ ուղերձներ հղելու նպատակով:

Օգոստոսի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ջերմորեն» շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով: «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը»,- ասվում էր Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Նախորդ տարիներին գոնե պաշտոնապես Պուտինը չէր շնորհավորել Քոչարյանին՝ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք: Ավելին՝ Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքը ռուսաստանյան եթերի գլխավոր լուրերի շարքում մի քանի ժամ «պտտում» էին, ակնհայտ էր, որ այդ մեկ նախադասությունը հատուկ շեշտելու հստակ քարոզչություն է տարվում հենց Կրեմլի կողմից:

Ժամեր անց, երբ Հայաստանում արդեն թեժացել էին քննարկումները Քոչարյանի շնորհավորանքի թեմայով, Մոսկվան «պարզաբանեց» Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մակարդակով: Մեկնաբանելով Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցը, որում Պուտինը Քոչարյանին շնորհավորել էր տարեդարձի կապակցությամբ, Պեսկովը նշել էր. «Դուք գիտեք, որ երկար տարիներ Պուտինը եւ Քոչարյանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք չեն ենթարկվում Հայաստանում այսօր ընթացող իրադարձությունների ազդեցությանը»: Հարցին՝ արդյոք Պուտինն ու Քոչարյանը քննարկե՞լ են վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու հարցը՝ Պեսկովը պատասխանել էր՝ «Ո՛չ»:

Պուտինի շնորհավորանքի լուրը դեռ մի քանի ժամ բուռն քննարկվում էր, նույն օրը՝ օգոստոսի 31-ին, հանկարծ մեկ այլ տեղեկատվություն տարածվեց Ռուսաստանից: Մոսկվան պաշտոնական հարցում է ստացել Երեւանից Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ՝ հայտնեց «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «սեփական աղբյուրը»: «ՌԴ իրավապահ մարմինները հարցում են ստացել միջազգային հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ. այս պահին այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել էր գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով, սակայն, նախնական որոշում կա, որ «արտահանձնման հարցումը կմերժվի, քանի որ պարզվել է, որ Միքայել Հարությունյանը 2002թ.-ից ունի ռուսական անձնագիր»: Աղբյուրը հավելել էր նաեւ, որ ըստ Ռուսաստանի Սահմանադրության՝ այդ երկրի քաղաքացիները չեն արտահանձնվում այլ երկրներ, այդ թվում՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար: Աղբյուրը չէր բացահայտել Ռուսաստանի եւ Հայաստանի պատկան մարմինների նամակագրության մանրամասները:

Ինչպես երեւում է, Միքայել Հարությունյանի շուրջ հայ-ռուսական իրավական քաոսն էլ ավելի է խճճվում: Ավելի վաղ Հայաստանի Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ասել էր, որ «մեր տեղեկություններով՝ Միքայել Հարությունյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է», ու խոստացել էր ստուգել այդ տեղեկատվությունը: «Ինտերֆաքսի»՝ «սեփական աղբյուրների» հիման վրա տեղեկատվության տարածումից հետո, սակայն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանեց, թե գլխավոր դատախազությունը դեռեւս տվյալներ չունի Ռուսաստանում կամ որեւէ այլ տեղ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին. «Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միեւնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես Ռուսաստանի իրավապահ մարմիններին է դիմել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին հանձնելու հարցով, տեղեկացնում եմ, որ Գլխավոր դատախազությունը դեռեւս տվյալներ չունի Ռուսաստանում կամ որեւէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին։ Հետեւաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որեւէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել»,- գրել է Աբրահամյանը՝ միաժամանակ նաեւ հավելելով. «Այնուամենայնիվ հարկ է նշել, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին օրենքով, ինչպես նաեւ համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ»:

Օգոստոսի 31-ը հարուստ օր էր հայ-ռուսական հարաբերությունների շուրջ իրադարձություններով: Այդ օրը երեկոյան, երբ Մոսկվայից Հայաստանի իշխանության ուղղությամբ բավական հստակ ու նպատակաուղղված տեղեկատվական ակնհայտ ճնշում էր գործադրվում, Երեւանից էլ ուշագրավ որոշման մասին հայտնեցին: Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին՝ Tert.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշել էր, որ առայժմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացված «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner-2018) զորավարժություններին Հայաստանը մասնակցեց չորսհոգանոց պատվիրակությամբ: Իսկ անցյալ տարի Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանը կրկին չմասնակցեց: Վրաստանից պաշտոնապես հայտնել էին, որ Հայաստանը հրավիրված է մասնակցելու, սակայն պաշտոնական Երեւանը վերջին պահին հրաժարվել է դրանց մասնակցել:

Ըստ ամենայնի, Հայաստանն ի սկզբանե որոշել էր չմասնակցել Agile Spirit-2018 զորավարժություններին, սակայն հայ-ռուսական հարաբերությունների ներկա բարդ հարաբերությունների առկայության պայմաններում այլ որոշում Հայաստանից ակնկալելը, թերեւս, միամտություն կլիներ:

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն ամբողջական չէր լինի, եթե առկա բոլոր նրբերանգներին չգումարվեր նաեւ Ռուսաստան-Ադրբեջան ջերմ հարաբերությունների մասին վկայող հերթական ռաունդի ցուցադրությունը:

Սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով Ռուսաստան էր մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Կրեմլը մինչեւ Պուտին-Ալիեւ հանդիպումը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները՝ ներառյալ առեւտրատնտեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարները, մտքեր են փոխանակվելու նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ նշվել էր, որ բանակցությունների արդյունքում նախատեսվում է միջկառավարական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթերի, տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք համաձայնագրերի ստորագրում։

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ֆուադ Ախունդովն ավելի վաղ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում նշել էր. «Մեր նախագահներն ուզում են, որ մեր գործարարներն ակտիվորեն համագործակցեն։ Սոչիում քննարկվելու է ռուս-ադրբեջանական համագործակցությունը նաեւ էներգետիկայի ոլորտում: Ադրբեջանական կողմն ուզում է, որ ռուսաստանցի գործարարներն ակտիվորեն ներդրումներ կատարեն Ադրբեջանի տարանցիկ ծրագրերում»: Ախունդովը նկատել էր նաեւ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար Ռուսաստանը բոլորից շատ հնարավորություններն ունի: Նա տեղեկացրել էր՝ երկու նախագահները քննարկելու են նաեւ Ղարաբաղյան խնդիրը։

Պուտին-Ալիեւ հանդիպումը Սոչիում կայանալու էր ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների ֆոնին: Օգոստոսի կեսից, երբ Հայաստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման մասին էին ինտենսիվ խոսում, Բաքվից «ճիշտ պահին» շրջանառության մեջ դրեցին ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հեռանկարների թեման: Հիշեցնենք՝ ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Հուսեյնովն էր նախ նշել, թե «աշխարհագրական այս նոր պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը», ապա հավելել էր, որ եթե Ադրբեջանը միանա ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի համար կվերածվի նույն կազմակերպությանը անդամակցող իր երկու գործընկերների միջեւ հակամարտության, «ինչը թույլ կտա Մոսկվային ավելի ակտիվ գործել»: Հուսեյնովը նաեւ հավելել էր, որ Բաքվի համար ձեռնտու է անդամակցությունը ռազմաքաղաքական այս կազմակերպությանը, քանի որ, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանը կկարողանա ռուսական զենքը գնել ներքին գներով, ինչպես դա Հայաստանն է անում:

Բաքվի «ցանկություններին» ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ-ից հակադարձեցին, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը՝ նշել էր Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Պաշտոնական Երեւանի վերոնշյալ հայտարարությանն ի պատասխան՝ պաշտոնական Բաքուն էլ մի քանի օր անց պարզաբանեց՝ «Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամը չէ, ՀԱՊԿ անդամ այլ պետություններ եւս կան»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը։

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի սեպտեմբերի 5-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 04.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930