Մինչ քաղաքական շրջանակներն ու նոր իշխանությունները ակնարկում են ԱԺ նոր ընտրությունների եւ ԱԺ հնարավոր ինքնալուծարման մասին, հայրենի դատարաններում շարունակվում է անցյալ տարվա ապրիլի ընտրությունների գործով միակ ամբաստանվող Դավիթ Սիմոնյանի գործի քննությունը:
«Առավոտը» տեղեկացրել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երիտասարդը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ 300.000 ՀՀ դրամ տուգանքի՝ առանց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքի զրկման։
Դ. Սիմոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, դեռ անփոփոխ է՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը պահանջում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. մայիսի 7-ի դատավճիռը եւ նրան արդարացնել, կամ փոփոխել պատիժը եւ նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը` պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Ըստ Դավթի եղբոր վկայության, 2017թ. ապրիլի 2-ին ցերեկային ժամին եղբոր հետ գնացել են Երեւան քաղաքի Թոթովենցի անվան դպրոցում գործող թիվ 9/53 ընտրատեղամաս` ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար. «Ընտրատեղամասի մոտ Դավիթն ինձ հայտնեց, որ անձնագիրը մոտը չէ, ապա խնդրեց, որ քվեարկությանը մասնակցելու համար տրամադրեմ անձնագիրս։ Չմերժեցի, տվեցի անձնագիրս: Ես սպասեցի մոտակայքում, իսկ Դավիթը մտավ ընտրատեղամաս։ Մի քանի րոպե անց Դավիթը, ընտրատեղամասից դուրս գալով, փոխանցեց անձնագիրս եւ հրաժեշտ տալով, հեռացավ»:
Դավթի հեռանալուց րոպեներ հետո քվեարկելու նպատակով եղբայրն է մտնում ընտրատեղամաս, գրանցվելու համար ներկայացնում է անձնագիրը, սակայն ընտրատեղամասի ստուգիչ սարքը ցույց է տվել, որ նրա անձնագրով արդեն քվեարկված է, ինչից հետո նրան են մոտեցել ոստիկանության աշխատակիցները եւ բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Ամբաստանյալ Դ. Սիմոնյանի դատաքննական ցուցմունքի համաձայն՝ դեպքի օրն ինքն առավոտյան արթնանալով, պահարանից՝ առանց նայելու, սխալմամբ վերցրել է եղբոր անձնագիրն ու միայնակ գնացել է ընտրատեղամաս՝ իր ընտրական պարտքը կատարելու։ Անձնագիրը տվել է հանձնաժողովի անդամին, վերջինս լրացրել է իր տվյալները եւ որտեղ նա ցույց է տվել, այնտեղ էլ ստորագրել է։ Ընտրատեղամասում նրան չեն ասել, որ դա իր անձնագիրը չէ։
Վկա, նախկին թիվ 9/53 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Ենգիբարյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ ընտրության օրը, ժամը 13.30-ի սահմաններում, երբ գտնվել է ընտրատեղամասի տարածքում, նկատել է, որ ընտրողներին սպասարկող օպերատորներից մեկի սարքի վրա վառվել է կարմիր լույսը, ինչը նշանակում է, որ քաղաքացին փորձել է կրկնակի քվեարկել։ Մոտեցել է օպերատորին եւ պարզել, որ կրկնակի քվեարկության փորձ կատարող քաղաքացին հանդիսանում է Գոռ Սիմոնյանը, որը համաձայն գրանցման կտրոնում առկա տվյալների, ժամը 13.15-ին արդեն իսկ քվեարկել էր։ Այդ մասին անմիջապես տեղեկացրել է ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին եւ վերջիններս կրկնակի քվեարկելու փորձ կատարած անձին բերման են ենթարկել։
Իսկ դատարանում վկա Գ. Ենգիբարյանը հայտնել էր, որ ոստիկանների սենյակում ինքը Դավիթին է տեսել։
Դատարանում զննվել է նաեւ տեսանյութը, եւ այնտեղ երեւում է, թե քվեարկությունը, թե երկու եղբայրների գործողությունները:
Հոկտեմբերի 10-ին կշարունակվի վերաքննիչ բողքի քննությունը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
04.09.2018