«Երբ «նստում» էի, կարծում էի՝ ամենասրիկան ես եմ, երբ դուրս եկա, հասկացա, որ սրիկաներից շատերը դրսում են, ես մարդ եմ»
80-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը ծերանոցում գիրք է գրել: Նրա տարեկիցները նման դեպքերում նախապատրաստվում են մահվան: Այս դեպքում իմ հեղինակը նախապատրաստվում է ապրելու իր երազած սպիտակ աշխարհում: Գիրքը քրեական ենթամշակույթի պրոպագանդում չէ:
«Ուդի» մականունով հայտնի Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը մինչ այս գիրքը, 2008 թ.-ին գրել էր իր «Բանտարկյալի օրագիրը», որի բնակիչները «Ոսկե քաղաքից» էին՝ անբասիր կենսագրությամբ:
Նա դատապարտվել է տասնհինգ անգամ, իսկ ընդհանուր պատիժը կրել մոտ կես դար:
Եղել է ինչպես հայաստանյան բանտերում, այնպես էլ Ռուսաստանի ազատազրկման վայրերում:
Գրքում բոլոր իր կատարած եւ չկատարած հանցագործությունների մասին է, որը հեղինակը ներկայացնում է անկեղծ, երբեմն էլ՝ անխառն հումորով:
Նա նկարագրում է նաեւ դրսի աշխարհի հետ իր անհաշտ հոգեվիճակը:
Հեղինակը հիշում է 1964 թվականի սեպտեմբերի 7-ը. «Ազատվեցի Կենտրոնական հիվանդանոցից: Չնայած ծանոթներիս հետ հանդիպելուց կալանքից կամ որեւէ նման հարցից չեմ խոսել: Ընդհակառակը, երբ զրուցակիցս նման հարցերի շուրջ մեկնաբանություններ էր անում, ես ուշադիր լսում էի ու զարմանում, որովհետեւ մինչ այդ ինձ թվում էր՝ իրենք էլ գիտեն այն, ինչ ես: Սակայն պարզվում էր՝ բոլորովին այլ կարծիքի էին սովետական ներքին գործերի սպաների ու նրանց կատարած աշխատանքների մասին: Այսինքն՝ որ օրինավոր են ու արդարացի, կիրթ են ու քաղաքավարի: Իմաստ չուներ բացատրել գոյություն ունեցող իսկական իրադրությունը, նախ՝ չէին հավատա ու անգամ կարող էին մեղադրել ինձ»:
Մեկ այլ պատումում էլ հեղինակը գրում է. «Կորցրել էի շատ բան, այսինքն, եթե դատապարտված եմ եղել, ուրեմն մեծ էր հավանականությունը, որ կարող եմ դատապարտվել ոչինչ չարած»:
Ուդին ներկայացնում է մանկատնից փախուստն ու հետաքրքիր մանրամասներ 1944-45 թթ. երեւանյան կյանքից. «Հասանք Երեւան, մեզ իջեցրին հանգստանալու: Չգիտեմ պայմանավորվածություն էր, թե ուղղակի ամեն կիրակի համերգներ ու ուրախ ժամանցներ էր անցկացվում Կիրովի այգում՝ «Բոշի սադում»: Լավ եմ հիշում՝ այդ օրը ելույթ էր ունենում երգիծաբան Բախշիկ Տրնտնջյանը: Մի յուրօրինակ դեմք ուներ, այդ մարդու միայն դեմքին նայեիր, ծիծաղդ գալիս է»: Ապա նկարագրում Կոմայգին. «Այս այգին 26 կոմիսարների անվան էր կոչվում: Այստեղ էին հանդիպում Երեւանի բոլոր թաղերի ավելի ճանաչված եւ հարգված տղաները: Այգում երեկոյան նվագում էր փողային նվագախումբը, բաց էստրադան, եւ իհարկե՝ ամենագլխավորը՝ արկածներով հարուստ պարահրապարակը: Կային նաեւ շրջիկ, փողոցային ասմունքի սիրահարներ՝ դրանք իրենց շնորհքով ապրելու միջոց էին հայթայթում»:
Ուդիի գրքի տպագրությանն աջակցել էր «Լեւ Գրուպ» իրավաբանական գրասենյակը, ուր տեղի է ունեցել նաեւ գրքի շնորհանդեսը:
Գրքում խոսք է գնում նաեւ Ուդիի ՄԻԵԴ-ում գտնվող գործի մասին: Գիրքը տպագրվել է հարյուր օրինակով:
Ռ. Մ.
«Առավոտ»
04.09.2018