Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բալետի երիտասարդ արտիստներին նկատում են ոչ միայն թատրոնում, այլեւ միջազգային միջոցառումներում

Սեպտեմբեր 05,2018 13:30

Բալետի արտիստների բեմական կարճատեւ կյանքում մենապարող հիմնականում ընտրվում են մի քանի տարի կորդեբալետում հանդես գալուց հետո: Լինում են նաեւ անհատականություններ, ովքեր թատրոնում իրենց կարիերան միանգամից սկսում են իբրեւ մենապարողներ: Իսկ հազվադեպ էլ մենապար վստահվում է ուսումը դեռ չավարտած երիտասարդին:

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկային Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետում Արմենի դերապարով հանդես եկավ Րաֆֆի Գալստյանը, որը օրերս է համալրել թատրոնի մենապարողների խումբը: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասաց, որ թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրավերով ինքը դեռեւս Երեւանի պարարվեստի քոլեջի ավարտական կուրսի ուսանող, այս տարի հունիսին մարմնավորել է Զվեզդիչի կերպարը Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացման մեջ: Ինչ վերաբերում է Արմենի դերապարին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե այն պատրաստել է ընդամենը 8 օրում: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչ է, ուրիշ «Արմեն» չկա՞ր թատրոնում, բալետի արտիստի պատասխանը համեստ ժպիտն էր:

«Դիմակահանդես»:

Րաֆֆին մեզ տեղեկացրեց, որ քոլեջում ուսանել է ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ, 2017թ. առաջին մրցանակի է արժանացել մոսկովյան հեղինակավոր Global Art միջազգային մրցույթում, համակուրսեցու՝ Նարե Մարկոսյանի հետ ներկայացնելով Ֆրիգիայի եւ Սպարտակի դուետը Արամ Խաչատրյանի «Սպարտակից»: Այս տարվա գարնանը երրորդն է ճանաչվել Տալլինում կայացած բալետի երիտասարդ արտիստների մրցույթում՝ իր արվեստի վրա հրավիրելով աշխահահռչակ խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի եւ Ամերիկայից ժամանած մենեջերների ուշադրությունը: «Ամերիկացիներն ինձ հրավիրեցին մասնակցելու Նյու Յորքում անցկացվող բալետարվեստի ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ YAGP-ի եզրափակիչ փուլին, որը կայանալու էր մայիսին: Սակայն չկարողացա մեկնել…»,- հայտնեց երիտասարդը: Ռեպլիկին՝ ձեր դեպքո՞ւմ էլ խոչընդոտ հանդիսացավ Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը, Րաֆֆին պատասխանեց. «Ոչ, ԱՄՆ մեկնել ցանկացողներն այնքան շատ էին, որ ահավոր հերթ էր, իսկ իմ ժամանակը՝ սուղ…»: Ինչ վերաբերում է Բորիս Էյֆմանի հրավերին, մեր զրուցակիցը նախ մանրամասնեց, որ անվանի արվեստագետը իրեն հրավիրել է աշխատանքի իբրեւ մենակատար, հետո էլ հավաստիացրեց. «Բոլոր ծախսերը հոգացել էր հրավիրող կողմը, բայց հրաժարվեցի, քանի որ զինակոչային տարիքի եմ»: Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ սեպտեմբերի 9-ին Րաֆֆի Գալստյանը առաջին անգամ հանդես կգա Շոպենի կերպարով՝ «Շոպենիանայում», իսկ 15-ին կմասնակցի օպերային թատրոնում կայանալիք բալետի երեկոյին. ընդգրկված է Չայկովսկու «Շչելկունչիկում»:

«Ժիզել»:

Թատրոնի մենապարող Անդրանիկ Աբովյանը 2014թ.-ից հանդես է եկել կորդեբալետում, իսկ 2016-ից՝ համալրել մենապարողների խումբը՝ Սոչիում կայացած Յուրի Գրիգորովիչի անվան բալետի երիտասարդ արտիստների մրցույթից վերադառնալուց անմիջապես հետո: Օրերս էլ նա հանդես եկավ Բազիլի դերապարով՝ Մինկուսի «Դոն Կիխոտում»: Այս երիտասարդ պարողին կարելի է հանդիպել նաեւ Ադանի «Ժիզել», Բիզե-Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն», Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացումներում:
Րաֆֆի Գալստյանն ու Անդրանիկ Աբովյանը այս օրերին մասնակցում են նաեւ պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի խորեոգրաֆիայով ու ղեկավարությամբ անցկացվող «Երազ» ներկայացման վերականգնման փորձերին:

«Կարմեն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 Գլխավոր լուսանկարում`Րաֆֆի Գալստյան՝ Սպարտակ, Նարե Մարկոսյան՝ Ֆրիգիա:

«Առավոտ»

04.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930