Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշակույթին մասնագիտակա՞ն, թե՞ քաղաքական կառավարում է պետք

Սեպտեմբեր 05,2018 13:00

Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ Ռուսաստանի Առաջին ալիքը մեծանուն երգչի այլ տեսագրությունների թվում անդրադարձավ նաեւ 2009թ. Վլադիմիր Պոզների հետ զրույցին, որտեղ խոսվում է այն մասին, թե մի քանի տարիների ընթացքում մշակութային հայտնի գործիչներ Իոսիֆ Կոբզոնը, դերասան-ռեժիսորներ Ստանիսլավ Գովորուխինը եւ Նիկոլայ Գուբենկոն տարբեր ժամանակներում հանդիսանալով Ռուսաստանի պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահներ, տեղակալներ, իրականացրել են կառավարման գործառույթներ: Նրանց տեղակալները նույնպես եղել են մշակույթի վաստակաշատ անուններ: Եվ մինչեւ այն պահը, երբ պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ է նշանակվել մասնագիտությամբ իրավաբան անձնավորություն, Կոբզոնն ու Գովորուխինը հրաժարվել են հանձնաժողովի տեղակալի իրենց կարգավիճակից, հիմնավորելով, թե իրենք ոչնչով չեն կարող օգտակար լինել ոլորտի ոչ մասնագետ ղեկավարին:

Տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն այս հարցին, որը գրեթե միշտ ավարտվում է բախումներով, հրաժարականներով, մասնագիտական եւ քաղաքական անհնազանդության ամենատարբեր դրսեւորումներով: Օրինակ, Ֆրանսիան իրականացնում է քաղաքական կառավարում ոչ միայն մշակույթի ոլորտում, այլեւ նույնիսկ պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում: ԱՄՆ ում ո՛չ մշակույթի նախարարություն կա, ո՛չ էլ մշակույթի կառավարում, ազատ դրվածք է: Իսկ ասենք՝ Ճապոնիայում, կառավարությանը կից տասնամյակներ շարունակ գործում է գիտամշակութային հանձնաժողովը, որը ոչ միայն մշակույթի, այլեւ ամբողջ կառավարության համար զտում եւ իրականացնում է տարբեր ծրագրեր:
Հայաստանում վերջին շուրջ 30 տարիների ընթացքում եւս մշակույթի կառավարումը գրեթե միշտ բուռն վիճաբանությունների թեմա է եղել մասնագիտական եւ քաղաքական կառավարման կողմնակիցների միջեւ եւ մինչեւ օրս էլ ոչ մի անգամ, ոչ մի հարցում կողմերը փոխադարձ համաձայնության չեն եկել: Մշակույթի գործիչները մշտապես պահանջում են մասնագիտական կառավարում, քաղաքական գործիչներն էլ պնդում են, թե պետք է իրականացվի քաղաքական մեծամասնության կառավարում:

Ներկայումս մեզանում մշակույթի ոլորտում քաղաքական (ոչ մասնագիտական) կառավարում է, որն իր կողմնակիցները ունի: Նրանց թվում մշակույթի ոլորտի մեկ-երկու ներկայացուցիչներ են: Օրինակ, այդ դրույթի կողմնակից է ճանաչված թատերագետ, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտում բավականին ակտիվ գործունեություն ծավալած Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը, որի հետ, բնականաբար, համաձայն չեն մշակույթի բազմաթիվ գործիչներ: Վերջերս հանդես գալով ԶԼՄ-ներով, նա առաջ է տանում մշակույթի ոչ մասնագիտական կառավարման տարբերակը: Մեզ հետ զրույցներում մշակույթի մարդկանց գերակշիռ մասը համաձայն չէ իրենց կոլեգայի տեսակետին եւ երբ նման գործիչների խնդրում ենք արտահայտվել, նրանք միաբերան հայտնում են, թե միեւնույն է, արդեն ամեն ինչ որոշված է եւ անտեղի է կարծիք հայտնելը, իսկ եթե նախօրոք հրավիրվեր քննարկում, բանավեճ, դա իմաստ կունենար:

Անկախ ամեն ինչից, մեծ հաշվով հանրությանը, հանդիսատեսին անհրաժեշտ է բարձրարվեստ մշակույթ, որը, մեր կարծիքով, կարող են ապահովել միայն ոլորտի գիտակ եւ պարտադիր կառավարման փորձ ունեցողները:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

04.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեզանում, միանշանակ, անհրաժեշտ է քաղաքական կառավարում …

  2. Յուրաքանչյուր երկիր, ելնելով իր տնտեսաքաղաքական վիճակից, որդեգրում է համաձայն մշակութային քաղականություն,որը արտահայտում է երկրի էությունը: Ուսումնասիրեք որեւե երկիր եւ կտեսնեք թէ ինչպես մշակույթը պարզ հաելի է տվյալ երկրի էության:
    Եթե մենք դիտիենք այս անկյունից, ապա շատ հստակ է թէ ինչի է նման մեր մշակութային գործունեությունը:

    Այսօվա վիճակով, այն շատ տխուր է:

    Եթե հավատում ենք բարեփոխումների այս ալիքին, ուրեմն անելիք շատ կա, մատնաշելով,որ յուրաքանչյուր արվեստի ճյուղ նույնանման անրաժեշտ է ու կարեւոր, որի առաջընթացը կեսական է մշակութային ոլորդը իր բարձունքին հանելու եւ ապա պահելու համար…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930