Օրերս լրացավ ռուս ճանաչված կինոդերասանուհի Իրինա Պեչերնիկովայի ծննդյան 73-րդ տարեդարձը: Դերասանուհի, որ հայտնի է հատկապես «Կապրենք մինչեւ երկուշաբթի», «Երկու կապիտան» ֆիլմերում խաղացած գլխավոր դերերով: kulturologia.ru-ն անդրադառնալով դերասանուհու կենսագրությանը՝ գրում է, որ նրա կյանքում մշտապես այնքան վերելքներ ու վայրէջքներ են եղել, որ կբավականացնեին մի քանի կյանքի համար: Դերասանուհին իր ամենամեծ կիրքը դերասան Ալեքսանդր Սոլովյովի հանդեպ է տածել, ու հենց նրա հետ էլ երջանկության երեք տարիներ է ունեցել, որից հետո իր հանրաճանաչության գագաթնակետին անսպասելի անհետացել է էկրանից:
Ո՞վ էր Պեչերնիկովան: Նա ծնվել է Գրոզնիում, այնուհետեւ տեղափոխվել Մոսկվա: Արտիստական կարիերայի մասին երազել է մանկուց: Նա ապրել է ճանաչված դերասանուհի Ռուֆինա Նիֆոնտովայի հարեւանությամբ, որին մշտապես ծաղիկներ էր տանում: Մի անգամ նա իր կուռքին հարցնում է, թե ի՞նչ է պետք դերասանուհի դառնալու համար: Ամեն ինչ` ասում է Նիֆոնտովան ու նրա առաջ փակում տան դուռը: Իրինան որոշում է ամեն ինչ անել դերասանուհի դառնալու համար` հաճախում է թատերական խմբակ, գեղարվեստական մարմնամարզության, գեղասահքի եւ այլ պարապմունքների: Անգամ մեկ տարի շուտ ընդունվում է ՄԽԱՏ-ի դպրոց ստուդիան, թեեւ ընդամենը տասնվեց տարեկան էր:
Արդեն երկրորդ կուրսում Պեչերնիկովան խաղում էր թատրոնում եւ տեղյակ էր կուլիսային ինտրիգներին: Նա հաճախ էր լաց լինում ու նեղսրտում, որ իրեն բամբասում էին, թե ռեժիսորի հետ սիրային կապերի շնորհիվ է դերեր ստանում ու հաջողություններ գրանցում: Իսկ ռեժիսորը հանգստացնում էր, թե լաց կլինես այն ժամանակ, երբ իսպառ դադարեն քո մասին խոսել:
Կրթությունն ավարտելուց հետո դերասանուհին ընդունվեց Մայակովսկու անվան թատրոն, ապա Փոքր թատրոն: Վերջինում աշխատելու տարիներին նրան շատ են կեղեքել ու բամբասել խաղացանկային ներկայացումներում գլխավոր դերեր ստանալու համար, անգամ սպառնացել են դեմքին ծծմբաթթու լցնել: 1990թ. դերասանուհին ստիպված է լինում հեռանալ թատրոնից:
Նրա կինոդեբյուտը 1966 թվականին էր, Իրինան ընդամենը քսանմեկ տարեկան էր ու պետք է նկարահանվեր «Քարե հյուրը» ֆիլմում: Երբ նա պատրաստվում էր ֆիլմի նկարահանումներին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայը նրան հրավիրում է նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում: Դերասանուհին մերժում է, ասելով, որ ավարտել է լավագույն մասնագիտական բուհը, իսկ Գայդայն առաջարկում է նկարահանվել իշուկի հետ: Ավելի ուշ Գայդայը չարախնդում է՝ իսկ ո՞ւր է քո «Քարե հյուրը»:
1968թ. դերասանուհին առաջարկ է ստանում նկարահանվել Ստանիսլավ Ռոստոցկու «Կապրենք մինչեւ երկուշաբթի» ֆիլմի գլխավոր դերում, որը դառնում է նրա այցեքարտը: Ֆիլմից հետո նրան սիրավեպ էին վերագրում Վյաչեսլավ Տիխոնովի հետ, մինչդեռ նրանք ընդամենը խաղընկերներ էին, թեեւ դերասանուհին անտարբեր չէր Տիխոնովի հանդեպ:
Նա աշխատանքի բերումով շփվում էր ժամանակի հայտնի մարդկանց հետ, սակայն սկզբում տանել չէր կարողանում Վլադիմիր Վիսոցկուն: Մի անգամ լսելով նրա երգը, Իրինա Պեչերնիկովան բացականչում է. «Մի տես, թե ինչ տհաճն է, բայց ինչ հրաշալի երգ է գրել»: Վիսոցկին ի պատասխան ընդամենը քմծիծաղ է տալիս, հետո նրանք մտերմանում են: Այնուհետեւ դերասանուհին Վիսոցկու հետ թռչում է Գագրա նկարվելու «Վատ, լավ մարդը» ֆիլմում: Այդ ժամանակ Վիսոցկին արդեն ամուսնացած էր Մարինա Վլադիի հետ, եւ Իրինա Պեչերնիկովային ձեռք չէր տալիս սիրուհու կարգավիճակը:
Հաջորդը «Երկու կապիտան» ֆիլմն էր, որ Պեչերնիկովային համասովետական ճանաչում ապահովեց: Թեեւ սկզբում դերասանուհին հրաժարվում էր նկարահանվել այդ ֆիլմում, սակայն ռեժիսորին հաջողվեց նրան համոզել: «Ես ձեզ հրավիրել եմ խաղալու մի ֆիլմում, որտեղ հերոսուհուն երեք տղամարդ է սիրահարված»,-ասել էր նա: Իննսունականներին դերասանուհին անսպասելի հեռացավ էկրանից, թատրոնից, բոլորից ու կախում ձեռք բերեց ալկոհոլի հանդեպ, եւ գուցե վերջ տրվեր կյանքին, եթե օգնության չհասներ նոր սերը: Նա արդեն երկու անգամ հասցրել էր ամուսնանալ, սակայն իրեն երջանիկ չէր համարում: Իսկ Ալեքսանդր Սոլովյովի հետ հանդիպեց նարկոլոգիական կլինիկայում, երբ արդեն հիսունմեկ տարեկան էր: Նա դերասանուհու մեծ սերն էր: Սոլովյովը նույնպես նույն կլինիկայում բուժվում էր ալկոհոլիզմից: Նրանք երեք տարի միասին անցկացրին, այնուհետեւ Սոլովյովին 2000թ. գտան փողոցում՝ կոտրված գլխով: Արտիստը գիտակցության չգալով՝ մահացավ: Դրանից հետո դերասանուհուն տարիներ շարունակ բուժում էին նյարդային գերլարվածությունից ու դեպրեսիայից ձերբազատվելու համար: Անգամ մի շրջան լուրեր տարածվեցին նրա մահվան մասին: Տասը տարի անց, վերջապես դերասանուհին վերագտավ իրեն ու նույնիսկ պլաստիկ վիրահատության դիմեց «Գեղեցկության բանաձեւ» նախագծի շրջանակներում՝ բոլորին հիացնելով իր համառությամբ եւ ապրելու ձգտումով:
Սեփ. լր.
«Առավոտ»
04.09.2018