Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի արմատացած կոռուպցիայի դեմ. OECD

Սեպտեմբեր 04,2018 23:23

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) Հայաստանին խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել կառավարությունում և խորհրդարանում արմատացած կոռուպցիային և լայնորեն տարածված շահերի բախումների դեպքերին դիմակայելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում:

Դրանում նշվում է, որ Հայաստանը վերջին 4 տարիներին բարեփոխել է իր հակակոռուպցիոն օրենսդրությունը և հաստատությունները: Մասնավորապես, ընդունվել է համապարփակ իրավական շրջանակ քաղծառայության և հանրային ծառայության թափանցիկության համար, այդ թվում կարգավորումներ էթիկայի և շահերի բախման մասով, քրեականացվել է ազդեցության վաճառքը և անօրինական հարստացումը, ներկայացվել է տեղեկացվածության մասին օրենք և նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչպես նաև ամրապնդվել են իրավական դրույթները՝ կապված պետական հայտարարագրերի հետ: Զեկույցը նաև ողջունում է էլեկտրոնային կառավարման գործիքների և ծառայությունների կիրառումը, ներկայացված հայտարարագրերի հրապարակման և ստուգման համակարգը:

Այնուամենայնիվ, զեկույցի համաձայն, շարունակում է լուրջ մտահոգությունների տեղիք տալ կոռուպցիայի դեմ պայքարի օրենքներին հետևելու բացակայությունը, ինչպես նաև տնտեսության մոնոպոլիզացումը: Հայաստանը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի դատավորների և դատախազների անկախությունը և միասնականությունը ապահովելու համար, ինչպես նաև ակտիվացնի ջանքերը կոռուպցիայի մասին աղմկոտ դեպքերը վերհանելու, քննելու և դրանք դատական կարգով լուծելու ուղղությամբ՝ օգտագործելով հայտնաբերման և վերլուծության տարբեր աղբյուրներ:

Զեկույցի հեղինակները մի շարք հանձնարարականներ են ներկայացնում Հայաստանի համար.

  • ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափանցիկ և օբյեկտիվ ընտրությունը,
  • գործնականում իրականացնել քաղծառայության, հանրային ծառայության և տեղեկատվության մասին օրենքները,
  • ապահովել պետական հայտարարագրերի նկատմամբ պարբերական և օբյեկտիվ վերահսկողություն՝ ուշադրություն դարձնելով բարձրաստիճան պաշտոնյաների և շարունակական խախտումների վրա,
  • ապահովել գլխավոր դատախազի ընտրության ամբողջական և թափանցիկ գործընթացը և ընդլայնել անհատ դատախազների անկախությունը,
  • առանց հետաձգումների սահմանել կորպորատիվ պատասխանատվություն կոռուպցիոն իրավախախտումների համար, ապահովել դրանց արդյունավետ կիրառումը գործնականում և ապահովել, որպեսզի կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները լինեն համաչափ,
  • ապահովել պետական ձեռնարկությունների ամբողջականությունը և խթանել բիզնեսի ամբողջականությունը,
  • մեծացնել պետական գնումների մոնիթորինգի թափանցիկությունը: Հետագայում նվազեցնել ոչ մրցութային գնումների գործընթացի կիրառումը:

Զեկույցում նաև վերլուծություն է ներկայացվում բարձրագույն կրթության ոլորտից՝ խորհուրդ տալով այստեղ էլ ուշադրություն դարձնել հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և օրենքների արդյունավետ կիրառմանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930