Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսը պետք է հետաքննի ադրբեջանական Silk Way գաղտնի ավիաընկերությանը հատկացված ամերիկյան վարկերը

Սեպտեմբեր 04,2018 23:43

 Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Անցյալ տարվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ 2014-2017 թթ. ընթացքում։

Այժմ ունենք մի նոր բացահայտում՝ Silk Way-ը ԱՄՆ-ի Արտահանման-ներմուծման բանկից (EXIM) ստացել է 419.5 միլիոն դոլարի վարկեր՝ «Բոինգ» ընկերությունից երեք 747-8 բեռնատար ինքնաթիռներ գնելու և իր չարամիտ գործունեությունը շարունակելու համար։

Բացահայտումն արել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) զեկուցողը՝ Տեղեկատվության ազատության մասին ակտով (FOIA) հարցում ներկայացնելով ԱՄՆ կառավարությանը 2016 թվականին։ Նշենք, որ Silk Way-ը, որը «պատկանում է Ալիևների ընտանիքի հետ անցյալում կապեր ունեցող ընկերությանը, շահել է մի քանի շահավետ պայմանագրեր ԱՄՆ զինված ուժերից»՝ ըստ FOIA-ի փաստաթղթերի։

Փաստորեն, «Silk Way-ը ավելի քան 400 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրեր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության  տրանսպորտային հրամանատարության վարչության հետ մեկ տասնամյակից ավելի», հաղորդում է OCCRP-ի լրագրող Դևանշ Մեհթան։ Silk Way-ը «զինամթերք և ոչ մահացու այլ նյութեր» է տեղափոխել Աֆղանստան 2005 թվականից ի վեր։ «ԱՄՆ կառավարության հետ ունեցած կապերից բացի, Silk Way ավիաընկերությունը նաև աշխատել է որպես ենթակապալառու Կանադայի Ազգային պաշտպանության դեպարտամենտի, Գերմանիայի զինված ուժերի և ֆրանսիական բանակի համար», բացահայտել է Մեհթան։

2017 թ. ապրիլին Silk Way-ը ընդլայնել է իր գնումների ծավալը «Բոինգ»-ից, ստորագրելով 1 միլիարդ դոլարի պայմանագիր տասը նոր 737 MAX ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար, հաղորդում է լրագրող Մեհթան։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչպես է ֆինանսավորվել նոր ձեռքբերումը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Silk Way-ը հայտարարել է, որ նախատեսում է գնել ևս երկու 747-8 բեռնատար ինքնաթիռներ։

Մեհթան բացահայտել է, որ «ավիաընկերությունը պատկանում է Silk Way Group-ին, որը, առնվազն մի պահ, սերտորեն կապված էր Ադրբեջանի Ալիևների իշխող ընտանիքի հետ (որն իր ինքնաթիռներն օգտագործել է մասնավոր ուղևորությունների համար) և շահել է պետական գործարքների բարեհաճությունից։ Ըստ FOIA-ի միջոցով ձեռք բերված տեղեկատվության՝ Silk Way Airlines-ը քայլեր է ձեռնարկել իր սեփականատերերի ինքնությունը թաքցնելու համար, հնարավոր է, որպեսզի բարելավի իր շանսերը շահելու ամերիկյան արժեքավոր վարկային երաշխիքներն ու ռազմական պայմանագրերը»։

Մեհթան հավելել է, որ «Ադրբեջանը «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 122-րդ տեղը, իսկ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատներն ամբողջ աշխարհում գնահատվում են ավելի քան 140 միլիոն դոլար։ «Պանամայի թղթերը»  և այլ արտահոսքերը ակնարկել են երկրի առաջին ընտանիքին որպես ներգրավված Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ շքեղ հյուրանոցներից մինչև հանքարդյունաբերություն և բանկային ծառայություններ»։

Արտահանման-ներմուծման բանկի կողմից  Silk Way-ին տրված 419.5 միլիոն դոլարի վարկի պայմանների համաձայն, պարտավորությունների չկատարման դեպքում վնասները փոխհատուցելու էր պետությանը պատկանող Ադրբեջանի միջազգային բանկը (IBA)։ Խնդիրն այն է, որ IBA-ն «ներգրավված էր զանգվածային մի սխեմայի՝ «Ադրբեջանական լվացքատան» մեջ, որը մոտ 3 մլրդ դոլար է արտահանել երկրից տարբեր կեղծ ընկերությունների միջոցով», գրել է Մեհթան։ Բացի այդ, IBA-ն ի վիճակի չէ երաշխավորել Silk Way վարկը, քանի որ IBA-ն ինքն իրեն սնանկ է ճանաչել 2015 թվականին, չկարողանալով վճարել  3.3 մլրդ դոլարի պարտքը…

Նեյթ Շչենկանը, որը ամերիկյան շահույթ չհետապնդող, ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները վերահսկող Freedom House-ի Nations in Transit նախագծի ծրագրերի տնօրենն է, խնդրահարույց է նկատում EXIM բանկի վարկը Silk Way-ին. «Ադրբեջանում, որտեղ մեկ ընտանիք գերիշխող դիրք ունի տնտեսապես և քաղաքականապես, իսկ այնուհետև օգտագործում է պետական ​​կառույցներն իր տնտեսական ծրագրերը վերականգնելու համար, առկա է ակնհայտ շահերի բախում»:

2010 թվականին նախագահ Ալիևի 21-ամյա դուստրը՝ Արզու Ալիևան, Silk Way Holding-ի ֆինանսական բաժանմունքի՝ Silk Way բանկի սեփականատերերից մեկն էր։ 2017 թվականից նրա անունն այլևս չի նշվում որպես սեփականատեր։ «Silk Way Holding-ը, որն իր կայքում նշվում է նաև որպես Silk Way Group (SW Group), մի կոնգլոմերանտ է, որը վերջերս իր պորտֆելում ներառել է 11 ընկերություններ, այդ թվում՝ ավիաընկերությունը», տեղեկացրել է Մեհթան։

Silk Way Holding-ը գերակշռող դիրք գրավեց Ադրբեջանի ավիացիայի ոլորտում այն բանից հետո, երբ շատ գաղտնի պայմաններում սեփականաշնորհվեց պետական փոխադրող AZAL ավիաընկերությունը՝ առանց մրցույթների և տենդերների։ Մեհթան գրել է, որ «հեռահաղորդակցության ոլորտի նման մի սեփականաշնորհում հանգեցրեց նրան, որ [Ալիևի]  ընտանիքը մոտ 1 մլրդ դոլար կաշառք ստացավ կանխիկ գումարով և արժետոմսերով՝ OCCRP-ի ավելի վաղ հոդվածի համաձայն։ Հետաքննությունը նաև պարզել է, որ այդ գումարն առաջին ընտանիքին փոխանցվել է տարբեր գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով։ Այս ընկերությունները թույլ են տվել Ալիևներին վերահսկել ոսկու հանքավայրեր, հեռահաղորդակցության և շինարարական բիզնեսներ Ադրբեջանում»։

2006 թ. փաստաթղթերի համաձայն՝ Silk Way ավիաընկերությունը պատկանել է IHC-ին (International Handling Company)՝ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում հիմնադրված օֆշորային կազմակերպությանը։ 2017 թ. փաստաթղթերում Silk Way ավիաընկերությունը հայտարարել է, որ ընկերության 40 տոկոսը պատկանում է IHC-ին, իսկ 60 տոկոսը՝ SW Holding-ին, որը «արդյունավետորեն վերահսկում էր» Ադրբեջանի քաղաքացի Զաուր Ախունդովը։ Մեհթան հայտարարել է, որ «IHC-ը կապված է Ալիևի ընտանիքի հետ դրա տնօրեն Ջաուադ Դբիլայի միջոցով, որը, ըստ հաղորդման, անցյալում ծառայել է որպես առաջին ընտանիքի բիզնես շահերի լիազորված անձ»։

2011-ին Silk Way Holding-ի և IHC- ի հավատարմագրային հավաստագիրը հանձնվեց ռուսական ծագումով մենեջեր Գրիգորի Յուրկովին, ըստ Լյուքսեմբուրգի պաշտոնաթերթի: Այս նշանակումը օգտագործվել է որպես IHC-ի իրական սեփականատերերին թաքցնելու միջոց:

Մինչդեռ Զաուր Ախունդովը 2014 թ. խորհրդավոր կերպով դարձել է Silk Way Group-ի հարյուր տոկոսանոց սեփականատերը: Այդ ժամանակ ընկերությունը և նրա բազմաթիվ կազմակերպություններն արդեն արժեին միլիարդավոր դոլարներ, հայտարարել է Մեհթան՝ հիմնվելով ընկերության վարկային երաշխիքի հայտի վրա: Հիսունամյա Ախունդովը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանում: «Անհասկանալի է, թե ինչպես է Ախունդովը դարձել միլիարդավոր դոլարների կոնգլոմերատի սեփականատեր, որը ներառում է ավելի քան տասը ինքնաթիռ, ապահովագրական ընկերություն, շինարարական ընկերություն և ինքնաթիռների սպասարկման ընկերություն, եթե նշենք միայն Silk Way Group-ի ձեռնարկություններից մի քանիսը», հետաքրքրվել է Մեհթան։

Freedom House-ի Շչենկանի խոսքերով, «Ադրբեջանը կարելի է բնութագրել որպես մի կենտրոնացած, ուղղահայաց բուրգ, որտեղ եկամուտները գնում են մեկ ընտանիքի, որը վարձավճարներ է հավաքում ամբողջ երկրում։ Սա ներառում է բոլոր տեսակի գործարքները, ոչ միայն պաշտոնական պետական գործարքները, որոնք կարող են ներգրավել հարկերը և պետական միջոցները, այլ նաև այն ամենը, որ մենք սովորաբար համարում ենք մասնավոր հատված՝ ներմուծում-արտահանում, սպառողական ապրանքներ, տրանսպորտ — տնտեսության ցանկացած ոլորտում ընտանիքը բաժին ունի դրա մեջ և ստանում է իր մասը ամեն ինչից»։

Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է լսումներ անցկացնի՝ EXIM Bank-ի կողմից Silk Way ավիաընկերությանը տրամադրած 419.5 միլիոն դոլարի վարկային երաշխիքի օրինականության, Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին նրա զենքի առաքումների և Ալիևի իշխող ընտանիքի հետ նրա թաքցրած կապերի հետաքննության համար։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է ամերիկյան վարկ տրվի միլիարդավոր նավթադոլարներ ունեցող Ադրբեջանին:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930