Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալապես ապահով, բայց աշխարհից կտրված, ծերացող գյուղը

Սեպտեմբեր 04,2018 22:55

Շիրակի մարզի Զարիշատ գյուղում այս տարի առաջին զանգ չի հնչել. 2012 թվականին ծնված գյուղի մեն ու միակ երեխայի ծնողները նրան դասի են տարել Ամասիայում, որի պատճառով էլ դպրոցը զրկվել է առաջին դասարան ունենալուց:

Զարիշատն այս ընտանիքի համար որպես ամառանոց է ծառայում:

Դպրոցի տնօրեն Ալվարդ Շաղոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այստեղից արտագաղթ չկա, կարելի է ասել սոցիալապես անապահով ընտանիք ևս չկա, բոլորն էլ տնտեսություն ունեն, անասնապահությամբ են զբաղվում, մի բան էլ դրսից են մարդիկ գալիս մասնավոր աշխատանք կատարելու: Գյուղը պարզապես կտրված է աշխարհից, աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմաններ են իրենց ծանր հետևանքները թողնում: Մի թեթև քամի եղավ ու մի քիչ ձյուն եղավ, եթե բոլոր ճանապարհները բաց լինեն, այստեղ փակվում են»:

Ծնելիություն չկա (բնակչությունը ծերացող է, Ա.Ն.), բուժկետ չկա: Մեր գյուղն ամառանոց է ծառայում նաև, կան ընտանիքներ, որոնք ամռանը գալիս են ասենք Գյումրիից, ամռանը երեխաներին բերում են, հետո տանում են, չեն թողնում գյուղում մնան: Դպրոցն ունի 6 աշակերտ, լինում է, որ չենք ունենում առաջին դասարան, սա առաջին դեպքը չէ: Հիմա 2 աշակերտ ունենք երկրորդ դասարանում, մեկ աշակերտ՝ 5-րդ դասարանում, 3 հոգի 8-րդ դասարանում»:

Ըստ տնօրենի, դպրոցում դասերի ժամաքանակը շատ քիչ է, մասնագետները 2 կամ 4 ժամով չեն գալիս գյուղում աշխատելու: Տնօրենի թվարկմամբ՝ պատմություն, քիմիա, կենսաբանության ուսուցիչների կարիք ունեն:

«Մաթեմատիկայի լավ մասնագետ ունեի, վատառողջ էր, երկու տարի առաջ մահացավ, հայտ ենք ներկայացրել, ոչ մեկը չի եկել: Ժամերը քիչ են, օտար լեզուն կազմում է երկու ժամ, ո՞վ կգա: Երկրաչափություն, ֆիզիկա, մաթեմատիկան կազմել են` վեց ժամ, ռուսերեն ժամերը կազմում են երեք ժամ, ո՞վ կգա… Գյուղը տրանսպորտ չունի, տաքսիից ենք օգտվում, Գյումրի գալ-գնալը 10-12 հազար դրամ է»:

Դպրոցի տնօրենը Ռոստովի հայկական Սփուռքի դպրոցներում հայոց լեզու ու հայոց պատմություն է դասավանդել, սակայն վերադարձել է հայրենի գյուղ:

«20 տարի անցել է, ինձ կանչում են, հրավիրում են, խնդրում են, որ հետ գնամ, բայց սա իմ գյուղն է, չեմ գնում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, գյուղի դպրոցն էլ բարվոք պայմաններում չէ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930