Ավանդույթի համաձայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանին եւ Լեւ Սարգսյանին:
Նա նշեց, որ հեռուստացույցով հետեւել է նրանց մրցելույթներին եւ ուրախ է, որ նրանք վճռորոշ մեկնարկներում, որտեղ պայքարում էին աշխարհի ու մայրցամաքի ուժեղագույն մրցակիցները, հանդես եկան մեծ ինքնավստահությամբ, արժանապատվորեն ներկայացրին Հայաստանը Եվրոպայում: ՀԱՕԿ նախագահը շնորհավորեց մարզիկներին Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ մարզաձեւերում առաջին մեդալները նվաճելու, մարզիչներին, ֆեդերացիաներին՝ կատարված աշխատանքի համար:
«Սառույցը կոտրված է: Դուք արդեն տեսնում եք, որ կարող եք պայքարել նաեւ աշխարհի առաջնություններում, վարկանիշային մրցաշարերում: Արդեն կարող եք մտածել նաեւ օլիմպիական խաղերի մեդալների մասին: Բայց օլիմպիական մեդալները ավելի դժվար են տրվում, ու դուք դա հասկանում եք: Դրա համար պետք է ավելի շատ ու արդյունավետ մարզվել»,-ասաց Գագիկ Ծառուկյանը եւ մարզիկներին հորդորեց ավելի վստահ լինել սեփական ուժերի վրա, պայքարել օլիմպիական ուղեգրերի, իսկ արդեն Տոկիոյում՝ օլիմպիական մեդալների համար:
Եվ միայն դրանից հետո մտածել մարզական հետագա կարիերայի մասին: «Ավելի մեծ հպարտություն չկա, քան Հայաստանի դրոշը ամենավերեւում ծածանելը, տասնյակ երկրների մասնակցության պարագայում Հայաստանի օրհներգը հնչեցնելը: Եվ ես միշտ անում եւ անելու եմ ամեն բան դրան նպաստելու համար»:
Գնահատելով արդյունք գրանցած մարզիկների եւ մարզիչների աշխատանքը, ՀԱՕԿ նախագահը հանձնարարեց նրանց այս ամսվանից թոշակ, աշխատավարձ նշանակել: Իսկ երբ տեղեկացավ, որ հրապարակային հեծանվավազքի մարզումների համար անհրաժեշտ մոտոցիկլետը վնասվել է, Գագիկ Ծառուկյանը հենց տեղում նորը ձեռք բերելու համար գումար հատկացրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ