Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կդառնա Արմավիրի քաղաքապետ

Սեպտեմբեր 04,2018 22:25

Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում քաղաքի արտահերթ ընտրություններ են: Թեկնածությունների առաջադրումը սկսվելու է սեպտեմբերի 26-ից:

Արմավիրում քաղաքապետի արտահերթ ընտրությունների հարց առաջացավ, թավշյա հեղափոխությունից հետո, երբ հեղափոխական ալիքը անցավ մարզերով: Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, որն Արմավիրի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել էր 15 տարի, հունիսի 22-ին հրաժարականի դիմում ներկայացրեց:

Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից ժամեր անց արդեն սկսեցին քաղաքապետի հավակնորդների անուններ պտտվել: Նախ, խոսակցություններ պտտվեցին, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար բավական լուրջ հավակնություններ ունի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Նա ԲՀԿ-ն լքեց 2015-ին, այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փակեց քաղաքականության էջը` նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հայտնի «հակամարտությունից» հետո: Ի դեպ, տեղում Ռուստամ Գասպարյանի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Թե հատկապես ի՞նչ պատճառով, մեզ չհաջողվեց պարզել, բայց այժմ ըստ արմավիրցիների, Ռուստամ Գասպարյանի հավակնությունները նվազել են: Խոսակցություններ կան, որ նա կարող է առհասարակ չառաջադրվել:

Արմավիրի քաղաքապետի մյուս հավակնորդը ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն է: Նա, ժամանակ առ ժամանակ զբաղեցրել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնը: Ընդհանուր առմամբ, տեղացիները դրական են վերաբերվում Արայիկ Աղաբաբյանին: Ի դեպ, նա Արմավիրի քաղաքապետի հիմնական հավակնորդն է համարվում: Շատերը, սակայն, չեն հասկանում, թե հանուն ինչի՞ է Արայիկ Աղաբաբյանը պատրաստ վայր դնել պատգամավորական այդքան գրավիչ մանդատը եւ ստանձնել մի քաղաքի ղեկավարի պաշտոնը, որը տարիներ շարունակ թալանվել է:

Քաղաքապետի պաշտոնում հաստատվելու տրամադրություններ ունի նաեւ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնակատար նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը: Իր պաշտոնավարման ընթացքում քաղաքապետի պաշտոնակատարը, հավանաբար, չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ քաղաքային տնեսությանը, քանի որ այն կարգի բերելուն ուղղված քայլեր տեղացիները դեռ չեն արձանագրել:

Ի դեպ, Դավիթ Խուդաթյանն Արմավիրում հանրահայտ է դարձել, միայն քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո: Առհասարակ, արմավիրցիները պատմում են, որ Դավիթ Խուդաթյանը սիրում է հնչեցնել Նիկոլ Փաշինյանի անունը`հիշեցնելով, որ ինքը վարչապետի հովանավորյալն է:

Քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի նաեւ ավագանու անգամ Առնակ Կումուրշատյանը: Նա անկուսակցական է, բայց նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մտերիմներից է: Վերջինս է աջակցել, որ Առնակ Կումրշատյանը լինի ավագանու կազմում: Նա նախկին քաղաքապետի օգնականուհու եղբայրն է:

Արմավիրի ավագանու եւս մեկ անդամ է հավակնում դառնալ քաղաքապետ` անկուսակցական Օհան Հարությունյանը: Նա Արմավիրի էլցանցի պետ Վարդան Ներսիսյանի մտերիմ-հովանավորյալն է, իսկ Վարդան Ներսիսյանն էլ հայտնի քրեական հեղինակություն նորագյուղցի Բոգոյի մտերիմներից է:

Հավակնորդների շարքում է նաեւ Սեւակ Մինասյան անունով անձը: Նա հայտնի է իր քրեական անցյալով. Մի քանի անգամ դատապարտվել է`զենքի գործադրման համար: Քաղաքապետի պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում է նաեւ ոմն Հրանտի եւ ոմն Գոռի անուններ: Նրանցից մեկն ԱԱԾ աշխատակից է, մյուսը`ոստիկանության: Ըստ տեղացիների, երկուսի հույսն էլ համակարգերն են, որտեղ իրենք աշխատում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930