Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը, ինչպես և Զարիշատը, Շաղիկը, Կրաշենը, այս տարի առաջին դասարան չունի: Դպրոցի տնօրեն Հրայր Հարությունյանի պարզաբանմամբ, հիմնական պատճառը բնակարանային խնդիրն է. սա Շիրակի մարզի միակ գյուղն է, որտեղ երկրաշարժից հետո շինարարություն չի եղել:
«Շինարարություն չի եղել, էսօր գյուղում ոչ մեկը կադաստրի սեփականության վկայական չունի, այն մարդիկ, որոնք մնացել են, գյուղը չլքելու համար են մնացել: Ներկա պահին շատ մարդիկ կան մեր գյուղից, որոնք տարբեր տեղեր են ապրում: Ժամանակ եղավ, երբ հարևան Արեգնադեմում ջրաձորցի երեխաների թիվն ավելի շատ էր, քան Ջրաձորում: Արեգնադեմում դատարկ տներ կային, երկրաշարժից հետո տների վերաբնակեցման խնդիր կար, մարդիկ եկան ապրելու և՛ Ջավախքից, և՛ մեր գյուղից:
Հիմա երևի թե 20 երիտասարդ ունենք, որոնք արդեն 30-35 տարեկան են. ամուսնացած չեն տան խնդրի պատճառով, ո՛չ կարող են թողնել, հեռանալ, ո՛չ էլ կարող են գյուղում լիարժեք կյանքով ապրել: Մարդիկ որտե՞ղ ընտանիք ստեղծեն, տները շատ հին են, մարդիկ կան հույսները կտրած՝ կոսմետիկ վերանորոգում կատարեցին իրենց տները, բայց ապրելու հնարավորություն չկա:
Օրինակ՝ երեկ տեղեկացա, որ մեր դպրոցի ծնողներից մեկը գնացել է արտագնա աշխատանքի ու տուն է գնել, երկու երեխա էլ մեր դպրոցում ունի դասի եկող, կթողնեն, կգնան: Մեր գյուղը նաև նախակրթարան ունի. Ամասիայի տարածաշրջանում 3-4 նախակրթարան կա, որոնցից մեկը մեր գյուղում է, օրինակ՝ այս տարի 3 երեխա եկել է նախակրթարան, մյուս տարի կգան առաջին դասարան: 2012 թվականին ծնված, մանկապարտեզ հաճախող մի երեխա կար, բայց ծնողները գնացին Ռուսաստան բնակության, ու մենք մնացինք առանց առաջին դասարանցու:
Մարդիկ ապրելու հնարավորություն չունեն, գնում են երբեմն: Սովետի ժամանակվա ծաղկուն գյուղերից է եղել: Նույնիսկ խոսակցություններ կան, թե Կապսի ջրամաբարի կառուցման դեպքում գյուղը կարող է տեղափոխեն, ժամանակը կորոշի… Կապսի ջրամբարի ջուրը պետք է լցվի այս գյուղի տարածք, եթե ջրամբարը լրիվ մասշտաբով կառուցեն, ամբողջ գյուղը կմնա ջրի տակ, եթե ոչ լրիվ մասշտաբով՝ գյուղի կեսը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ