«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա Կենտրոնում» խոսել է այն մասին, թե Հայաստանում Անցումային արդարադատություն ստեղծելու մասին խոսակցությունը ծայրահեղ քա՞յլ է թե՞ անհրաժեշտություն:
Այս խնդրին օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ մեր դատական համակարգի այսօրվա վիճակը արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում կունենան եւ որոշում կկայացնեն անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ:
Հարցազրույցը վարող Լիլիթ Ավագյանի հարցին, թե արդյո՞ք, Հայաստանում, այսպես կոչված, «ճշմարտության հանձնաժողով» ստեղծելու անհրաժեշտություն կա, որը կքննի Երրորդ Հանրապետությունում աղմկահարույց եւ հասարակական հնչեղություն ունեցող գործերը, ի՞նչ խնդիրներ կարող է լուծել անցումային արդարադատությունը հարցին, Ավետիք Իշխանյանը պատասխանել է. «Անցումային արդարադատությունն այն արդարադատությունը չէ, ինչը մեր հասարակության մեծամասնությունը, պատկերացնում է: Այն չի փոխարինում դատարաններին:
Մի բացառություն կարող է լինել. երբ եղել են զանգվածային սպանություններ, քաղաքացիական պատերազմ, էթնիկ հողի վրա կամ ցեղասպանությանը մոտեցող հանցագործություններ: Բայց այդպիսի երկրների մեծ մասում դատական իշխանություն ընդհանրապես չի եղել՝ ստեղծվել են միջազգային դատարաններ: Ցավոք սրտի, թե բարեբախտաբար, տեղյակ եմ Անկախ Հայաստանի ողջ պատմությանը:
Մեր պարագայում մենք անցումային արդարադատությունը չպետք է դիտարկենք որպես նոր դատարաններ եւ դա, այսպես կոչված, «եռյակների» չպետք է վերածվի: Դա պետք է վերաբերի առանձին հանձնաժողովներ ստեղծելուն, որոնք պետք է վստահելի լինեն, բացահայտեն նախկինում կատարված մութ հարցերը, պայմանական ասենք՝ մահերը, թե դրանք ինչ հանգամանքներում են եղել, ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների մասամբ բացահայտված սպանությունները, որոնք ի վերջո իրականացվել են կոլեգիալ որոշումներով, բայց կիսատ են բացահայտվել, հատկապես հրադադարից հետո խաղաղ պայմաններում բանակում 95-99 թվականներին ու այսօրվա անհայտ պայմաններում մահերը եւ բնականաբար այսօրվա ամենաաղմկահարույց հարցը՝ 2008 թվականի մարտի 1-ի գործը:
Իմ կարծիքով մյուսը կարող է լինել, պայմանական բառ ասեմ, սահմանադրական կարգի խախտումներով զբաղվող հանձնաժողով: Նկատի ունեմ, որ 95-ից սկսած Հայաստանում ցանկացած ընտրություն եղել է սահմանադրական կարգի խախտումով: Օրինակ, 96-ին գյուղերից մեկում ատրճանակով ստիպել են ընտրությունների արձանագրությունները փոխել: Այդպիսի բաներ շատ կան, մինչեւ 2017 թիվը ներառյալ:
Մի հանձնաժողով կարող է լինել քաղաքական բանտարկյալների ռեաբիլիտացման համար 90-ական թվականներից մինչեւ վերջերս:
Կարող է լինել նաեւ մարդկանց սեփականությունից զրկելու եւ կոռուպցիայի հարցերով զբաղվող հանձնաժողով: Սրանք են հիմնականները, որոնք պետք է աշխատեն ու գնահատական տան ամեն ինչին»:
Ավետիք Իշխանյանը շարունակեց, թե իր ասածներից թվում է, թե այս ամեն ինչից հետո նաեւ պետք է պատիժ լինի: «Բայց ամենահետաքրքիրն այն է, որ անցումային արդարադատության հիմնական սկզբունքն է՝ հասարակության մեջ համերաշխության հաստատումը, մի բան, որ իմ կարծիքով Հայաստանում չի եղել: Մի շարք երկրներում դժգոհություն է եղել, թե պատիժ չի հետեւել, բայց հետո պարզվել է, որ այդպես ավելի ճիշտ էր: Հարցը գնահատական տալն է, պետության կողմից ներողություն խնդրելը, փոխհատուցում տալը, նույնիսկ անմեղ զոհվածների հուշարձան կառուցելը, թեկուզ այդ իշխանությունը դրանք չի արել: Ամենակարեւորը իշխանությունների կողմից նախկինում կատարվածների դատաիրավաքաղաքական գնահատական տալն է եւ այն, որ այլեւս այդպես չի լինի: Այդպիսի հնարավորություն մենք ունեցել ենք 90-91 թվականներին, երբ Հայաստանն անկախություն ստացավ: Պետք էր գնահատական տալ Խորհրդային շրջանի ռեպրեսիաներին ու այդ պարագայում մենք այսօրվան չէինք հասնի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ