Գյումրեցի ռեփեր Ալբերտ Գեւորգյանը նաեւ բիթբոքս (ռիթմի բիթերի եւ մեղեդու՝ ձայնային ապարատի ու բերանի օրգանների միջոցով արտաբերման, ստեղծման և նմանակման արվեստ) է սիրում: Aravot.am-ի հետ զրույցում Ալբերտը նշում է, որ աշխատում է տասը եւ ավելի բարձր տարիքի երեխաների հետ, նաեւ հիփհոփի գծով են «խորանում»:
Ռեփերն ափսոսանք է հայտնում, որ երաժշտական ոճերն ու ուղղությունները Հայաստանում համաչափ չեն զարգանում. «Ես բոլոր բնագավառներում ծանոթներ եւ ընկերներ ունեմ, բայց չեմ ուզում մի ոճը բարձունք ապրի, մեկը վերանա: Օրինակ` ես թեեւ հիփ հոփի ներկայացուցիչ եմ, բայց անհանգստանում եմ ժողովրդական երգի համար, որ իր տեղը չունի… ժողովրդականը այնքան բարձր պետք է պահենք, որ արտասահմանից եկողները դրանով ծանոթանան մեր երկրին»:
Ալբերտը փաստում է, որ ռեփ լսողներն ավելի քիչ են, հիմնականում ֆոլք երաժշտության երկրպագուներն են մեծաթիվ, կամ ինչպես ինքն է ասում. «Ռոքը ժողովրդականի հետ խառնած վիճակներ են»:
Նաեւ հավելում է. «Ամենաշատը Հայաստան կլսեն Սպիտակցի Հայկոյի «Քոբուլեթի» երգը: Ես չեմ մեղադրի իրենց, իրենք էլ են երաժիշտ, բայց իրենք չպիտի գերազանցեն մյուս ոճերը, ախր էնպիսի ռեփերներ ու ռոքերներ կան: Նայեք՝ ռեփը բանաստեղծություն է, միտք է, դու ոչ թե պիտի ուշադրություն դարձնես, թե ինքն ինչքան նակոլկա ունի վրեն կամ ինչ թույն կլիպ է նկարել, այլ մտքին պիտի նայես, տեղ հասցվող ասելիքին պիտի ուշադրություն դարձնես: Ինքը բողոքի էնպիսի՜ միջոց է… Խոսքի՝ տների մեջը շատերը կարող ա նստին, բամբասվին, բայց դուխ չանեն անկեղծ խոսան»:
Ալբերտ Գեւորգյանը չի կարծում, թե ռեփը միայն քաղաքականության թեմայով բողոք արտահայտելու համար է. «Օրինակ` հեղափոխությունն եղավ, բայց հո վատ մարդիկ լավը չդարձա՞ն: Էսի էլ ձեր հարցի պատասխանը»: Նրա ասելով, ռեփի միջոցով կարելի է վեր հանել ցանկացած խնդիր:
Իմիջիայլոց, այս տարվա օգոստոսի 26-ին կայացել է գյումրեցի ռեփերի առաջին մենահամերգը՝ «Կրեատիվ» խորագրով: Իսկ ինչու «Կրեատիվ», որովհետեւ Ալբերտի մեկնաբանմամբ, համերգին ոճային կրեատիվություն կար՝ բիթբոքս, կիթառ, ռեփ, հիփհոփ:
Լուսանկարը՝ հեղինակի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ