«Հաստատություններում երկարաժամկետ խնամքը որևէ երեխայի դեպքում չպետք է դիտարկվի որպես ընտանիքահեն խնամքի այլընտրանք»,- այսօր Երևանում մեկնարկած՝ «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին հայտարարեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Նա նշեց՝ վաղուց հայտնի է, որ շուրջօրյա խնամքը հաստատությունում բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունները: Սա երեխայի իրավունքի խնդիր է:
Նշենք՝ համաժողովին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ առաքելական եկեղեցուց:
Համաժողովը կազմակերպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 140 երկրներից հավաքագրված տվյալները փաստում են, որ աշխարհում Կենտրոնական Եվրոպան և Կենտրոնական Ասիան երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվի ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջանն է, որտեղ յուրաքանչյուր 100,000 երեխայից 666-ն ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը հնգակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը՝ 100,000-ից 120-ը:
ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովան հայտարարեց. «Երեխաների իրավունքների պաշտպանության եւ երեխաների բարօրության ապահովման թեման կարևոր նշանակություն ունի հայ հասարակության շրջանում: Հատկապես այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ կառավարությունն ուժեղ կամք ու հանձնառություն է ցուցաբերել երեխայի խնամքի բարեփոխումների համակարգի փոփոխման համար»:
Դեսպանը շեշտեց, որ, օրինակ, Բուլղարիայի կառավարությունը երեխաների իրավունքների պաշտպանությունը սահմանել է որպես քաղաքական և սոցիալական առաջնահերթություն:
Անդրադառնալով հայ-բուլղարական ընդհանրություններին՝ Մարիա Պավլովա Ցոցորկովան ասաց. «Բուլղարացիները եւ հայերը նման են ավանդույթներով, մշակույթով և հասարակական վերաբերմունքով: Ինչպես Հայաստանում, Բուլղարիայում ևս բնակավայրերը-բնակելի հաստատությունները Բուլղարիայում սոցիալիստական համակարգի ժառանգության մաս էին կազմում: Ուստի մեզ մոտ էլ շատ տարիներ ընթացավ բարեփոխումների գործընթացը, եւ մենք դեռ աշխատում ենք, որպեսզի հետագայում ամրապնդենք եւ կայունացնենք բոլոր համակարգային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել երեխաների խնամքի եւ երեխաների պաշտպանության ոլորտում»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը վստահեցրեց՝ մեր երկրում երեխաներին ուղղված պետական քաղաքականության յուրաքանչյուր փաստաթղթի, յուրաքանչյուր միջոցառման հիմքում պետք է լինեն երեխաների կարիքների ճիշտ գնահատումն ու նրա լավագույն շահը: Նրա վստահեցմամբ՝ վերջին տարիներին շարունակվում են երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք հիմնականում ուղղված են «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի և միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Հղում կատարելով ՀՀ ընտանեկան նոր օրենսգրքին՝ փոխնախարարը նշեց. «Մի շարք դրույթներ են ամրագրվել նաև որդեգրման գործընթացի վերաբերյալ, ուղղված մասնավորապես՝ որդեգրման գործընթացի մշտադիտարկման արդյունավետության բարձրացման, որդեգրող ծնողների ընտրության չափանիշների, որդեգրողի և որդեգրվողի տվյալների համադրման, ՀՀ-ում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների կյանքի և դաստիարակության նկատմամբ հետագա վերահսկողության (մշտադիտարկման) ընթացակարգերի հստակեցմանն ու կատարելագործմանը»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստեց. «Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերում առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխայի լավագույն շահը, իսկ երեխայի կարևորագույն իրավունքներից է ընտանիքում ապրելու իրավունքը: Բոլորս պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի մանկատուն կամ այլ հաստատություն երեխայի տեղափոխվելը լինի վերջին, բացառիկ միջոց»
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Անահիտ Վարդանյանը, ով պատմեց մանկատանը բնակվելու իր անձնական պատմությունը և 16-ամյա Կառոլինա Ռազումովսկայան, ով երկու տարի է, ինչ բնակվում է խնամատար ընտանիքում:
Ըստ վիճակագրության՝ 2001-ից ի վեր ՀՀ կառավարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնում է բարեփոխումներ՝ ուղղված երեխաների խնամքի ու պաշտպանության համակարգի ստեղծմանն ու ամրապնդմանը: Արդյունքում՝ կտրուկ նվազել է խնամքի գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների թիվը՝ 12,700 երեխայից 2017 թվականի հասնելով 2836-ի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ