Արարատի մարզում Երասխ-Երեւան մայրուղին այս պահին փակ է: Մարզի Եղեգնավան, Այգավան, Լուսառատ եւ այլ համայնքների բնակիչները ճանապարհն արդեն մոտ 1 ժամ է փակել են, երթեւեկությունը կաթվածահար է եղել: Գյուղացիները բողոքի ցույց են անում՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը: Նրանք պահանջում են իրենց բերքը մթերել ոչ թե 140 դրամով, այլ՝ 160:
Այսօր առավոտյան նույն պահանջով եւ նույն մեթոդով բողոքի ցույց էին անում նաեւ Արմավիրի մարզի բնակիչները: Հետո նրանք դադարեցրել էին ցույցը, քանի որ, ինչպես գյուղացիներն են ասել, մարզպետը խոստացել էր խնդիրը քննարկել:
Սակայն երբ Երեւանի «Արարատ» կոնյակի գործարանի տնօրինությունը հայտարարեց, որ չի կարող կատարել գյուղացիների պահանջը եւ խաղողը մթերելու 160 դրամով, Արարատի մարզի գյուղացիները վերսկսեցին բողոքի ցույցը:
Երեւանի կոնյակի գործարանը խաղողի մթերման խոշոր ընկերությունն է, եւ խաղողագործների մեծ մասը հենց այս գործարանին է հանձնում իր բերքը:
Գյուղացիներն առավոտյան ասել էին, որ մյուս գործարանները 160 դրամով էին պատրաստվում մթերել, սակայն, մթերման գինը գցել է Երեւանի կոնյակի գործարանը, որը մթերման գին է սահմանել 140 դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ