Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորքերում կոռուպցիոն դրսևորումները «դուրս են ՀՀ ԱԱԾ-ի իրավասության շրջանակներից». ԱԱԾ պատասխանը

Սեպտեմբեր 04,2018 18:09

ՌԴ Զինված ուժերի՝ ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում չարաշահումների և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին նախկին զինծառայող Արմեն Մարգարյանի ահազանգի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 25-ին ծառայողական քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և 2018 թ. օգոստոսի 22-ին պատասխան ստացել, որ «դրանց լուծումը դուրս է ՀՀ ԱԱԾ իրավասությունների շրջանակից»:

Նախկին զինծառայողը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ահազանգել էր, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնում նշանակվելիս 718 կգ բենզինի պակասորդ է բացահայտել, որը նախկին պահեստապետը կոծկել է՝ բենզինի տարայի մեջ ջուր ավելացնելով, բայց պակասորդը փորձել են վերագրել Ա. Մարգարյանին: Վերադասի առաջարկով վերջինս ստիպված է եղել մեքենաները թերի լիցքավորել, իսկ վարորդներն էլ փաստաթղթերում կիլոմետրերի ավելի մեծ թվեր են գրել՝ դրանով հավասարակշռելով պակասորդը: Հետագայում խնդիրը վերագրել են տարաների տարողությանը: Դրանից հետո բենզինի պակասորդ է արձանագրվել ևս մի քանի անգամ:

2017 թ. ապրիլին Ա. Մարգարյանն ազատվել է աշխատանքից, բայց բենզինի պակասորդի գործով նրան է մեղադրանք առաջադրվել, և նշանակվել է տուգանք:

Ահազանգին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մանրամասն անդրադարձել է առանձին հրապարակմամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն էր դիմել այն հիմնավորմամբ, որ ՌԴ սահմանապահ զորքերի կենսապահովման գործառույթները, կողմերի միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ֆինանսավորումն ու նյութատեխնիկական աջակցությունը՝ կողմերը: Եվ ենթադրվում է, որ ֆինանսավորում տրամադրող կողմը, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերը կանխելու մեխանիզմներ ունենա:

Սակայն ինչպես հասկանում ենք ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության պետ Ե. Մկրտչյանի պատասխանից, Հայաստանի Հանրապետությունը, ի դեմ՝ ՀՀ ԱԱԾ-ի, դա համարում է Ռուսաստանի Դաշնության դատարանների իրավասության ներքո գտնվող հարց և հրաժարվում է միջոցներ ձեռնարկելուց:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս հարցով կդիմի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930