«Անցյալը մերժելու ամենալավ ձեւը ազատ, արդար, թափանցիկ ընտրություն անցկացնելն է»,- այս մասին այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը: Ըստ բանախոսի՝ ԲՀԿ-ն գործընկեր է այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կողմնակից են մեր իրականության մեջ այս նոր մշակույթի ներդրմանը: «Նման պատմական հնարավորություն կարող է էլ չունենանք»,- ասաց Պետրոս Ղազարյանը, հավելելով, որ սերունդները կարող են մեզ չներել, եթե հեղափոխությունը ավարտին չհասցնենք:
Նա խոսեց նաեւ քաղաքային հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակի մասին: ԲՀԿ-ն ծրագրում է Երեւանում գործարկել էկոլոգիապես մաքուր տրանսպորտ: Ասաց, որ մի քանի օրից Երեւանում կլինեն աշխարհի տարբեր խոշոր քաղաքների ղեկավարները. ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագիրը հենց նրանց օգնությամբ եւ խորհրդատվությամբ է մշակել: Պետրոս Ղազարյանի հավաստմամբ՝ իրենց առաջարկները ֆինանսապես հիմնավորված են:
ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Աբովյանն էլ բացատրեց, թե ինչու է ընտրել հենց այդ ուժը. «ԲՀԿ-ն միշտ արել է այն, ինչ խոստացել է: Խնդրում եմ ցույց տվեք երկրորդ նման քաղաքական ուժ: Վստահ եմ՝ չեք գտնի»: Արման Աբովյանն էլ հավաստիացրեց. իրենք ունեն Երեւանի ամեն խնդրի լուծումը՝ մասնագետներով, ֆինանսավորումով եւ հստակ ժամանակացույցերով: Ապա խոստացավ. «Չեք փոշմանի». խոսքը իրեն ցուցակում ներառելու մասին է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բա ընդամենը նախորդ Երևանի ավագանու ընտրություններին ինչ էիք ասում իբր ծրագիր չունեք; Հայաստանի մասին ունեիք Երևանի մասին չունեիք; Ինչ- որ տեղ ինչ- որ բան սխալ է : Թե կարող եք ասեք ,որ ձեզ հավատանք :