Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սպասում ենք, թե գյուղում հարսանիք էլ ե՞րբ է լինելու»․ Շաղիկի դպրոցն առանց աշակերտ մնալու վտանգի տակ է

Սեպտեմբեր 04,2018 17:27

Շիրակի մարզի՝ իր գեղեցիկ բնությամբ դրախտավայր հիշեցնող Արփի լճի տարածքի գյուղերից մեկում՝ Շաղիկում, այս տարի առաջին դասարանցի չկա։

Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անուշ Կարախանյանը պարզաբանեց՝ պատճառներից մեկն այն է, որ 2012 թվականին գյուղում ծնելիություն չի եղել, տնտեսությունն էլ շատ քիչ է․ ընդամենը 10 տնտեսություն կա, ու ոչ բոլոր ընտանիքներում երեխաներ կան։ «Դպրոցում ընդամենը 7 աշակերտ կա, հաջորդ տարի կունենանք ընդամենը մեկ աշակերտ ու դրանից հետո էլ չենք ունենա՝ մինչև նոր ամուսնություններ։ Մի աշակերտ է մնում, որ հաջորդ ուստարում գալու է դպրոց, մենք այլևս չունենք երեխա գյուղում, ու դրանով վերջանում է, այսքանն էլ ավարտեն, գնան ու հնարավոր է՝ քանի տարի չունենանք։ Ցավալի է, բայց փաստ է, մարդիկ քիչ են։ Մեր դպրոցը հիմնական է, հիմնական կրթություն ստացածներն էլ գնում են հարակից գյուղեր, որոնք ավելի մոտ են, մեկն այս տարի գնացել է Գառնառիճ»,-ասաց տնօրենը։

Դպրոցի շենքը բարվոք վիճակում է, միայն տանիքի խնդիր ունի։ Մոտ երկու տարի առաջ փոթորկախառն քամին վնասել էր տանիքը, սակայն արդեն կա պայմանավորվածություն այն վերանորոգելու։

Մեր զրուցակիցն ասաց, որ սահմանամերձ այս բնակավայրում ոչ մի հետաքրքրություն չկա, անգամ մշակույթի կենտրոն չկա, որպեսզի երեխաները զբաղվեն, զարգանան։ «Իրավիճակ է փոխվել, տեսնենք ինչ կլինի, հույս ունենք՝ լավ կլինի։ Փոքր բնակավայր է, շատ բնակիչներ չկան, գրանցվածների թիվը շատ է, բայց փաստացի բնակվողները քիչ են»։

Տնօրենը նաև փոխանցեց, որ դպրոցը մասնագետների խնդիր ունի, ժամաքանակը քիչ է, մասնագետները չեն գալիս աշխատելու։ «Հայոց պատմություն, մաթեմատիկա, ընդամենը 2-3 ժամվա համար ոչ մեկը չի կարող գալ, հետո մենք այդքան գումար չունենք, որ առանձին աշխատող պահենք, որովհետև պետք է ութ հազար դրամ բարձր լեռնային տեղանքում աշխատելու համար վճարենք, բյուջեն սուղ է, այդքան չենք կարողանա։ Պետք է նվազագույն ժամեր ապահովենք ուսուցիչներին։ Գյուղ մտնող տրանսպորտ էլ չկա, սեփական մեքենաներով են մարդիկ երթևեկում։ Գյումրիից հեռու ենք մոտ 41 կիլոմետր, ամենամոտ խանութը մոտ 7-10 կիլոմետրի վրա է։ Ճիշտ է՝ գեղեցիկ վայր է, օդը մաքուր է, բայց միայն դրանով մարդը կարո՞ղ է ապրել, պայմաններ են պետք, շատ խնդիրներ ունենք»,-ասաց Անուշ Կարախանյանը։

Հիշեցնենք, որ մերձալպյան այս գոտին, որն ունի եզակի բուսական ու կենդանական աշխարհ, այստեղ կան անգամ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ՝ ջրասամույր, խայտաքիս, Դարևսկու իժ, տափաստանային հողմավար բազե և այլն, տուրիզմի կենտրոն այդպես էլ չդարձավ։

Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն, այս տարվա ձմռանն այցելելով Շաղիկ գյուղ ու խորհրդակցելով բնակիչների հետ, հայտարարեց, որ Արփի լճի գեղեցկությունը, բարդիների ու փշատերև անտառների գրավչությունը չօգտագործելն ուղղակի անթույլատրելի է։

Շաղիկի բնակիչները պատրաստակամություն էին հայտնել հյուրեր ընդունելու, ըստ Արթուր Խաչատրյանի՝ «գյուղական կենցաղը, հատկապես Արևմուտքում ապրողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բայց որպեսզի որևէ բնակավայր գրավիչ լինի զբոսաշրջիկի համար, պետք է գրավիչ լինի նախ բնակչի համար»:

Նշենք, որ խստաշունչ ձմեռ ունեցող այս գյուղը նույնիսկ գազաֆիկացված չէ, որպես վառելիք օգտագործվում է աթարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930