Երկու հայ երեխաներ, որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են Նիդերլանդներում, արտաքսման սպառնալիքի տակ են հայտնվել այն բանից հետո, երբ մերժվել է նրանց ապաստան տրամադրելու դիմումը, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ 13-ամյա Հովիկը և 12-ամյա Լիլին իրենց մոր՝ 37-ամյա Արմինե Համբարձումյանի հետ Նիդերլանդներ են տեղափոխվել 2008թ. Ռուսաստանից և փախստականի կարգավիճակ խնդրել: Երեխաները երբեք Հայաստանում չեն ապրել և հազիվ են հաղորդակցվում հայերենով:
2017թ. Արմինե Համբարձումյանն արտաքսվել է երկրից, բայց մինչ այդ հասցրել է երեխաներին թաքցնել իր ընկերների մոտ, մինչև որ նրանք հայտնաբերվել են Նիդերլանդների իշխանությունների կողմից:
Նիդերլանդների իշխանությունները չեն ցանկանում փոխել իրենց դիրքորոշումը: Երկրի վարչապետ Մարկ Ռուտեն անցյալ շաբաթ հայտարարել է, որ հասկանում է իրավիճակի շուրջ ստեղծված զգացմունքային ֆոնը, բայց փախստականների թիվը պետք է խիստ վերահսկվի: «Յուրաքանչյուր ոք, որը չի համապատասխանում չափանիշներին, չի կարող մնալ այստեղ»,- ասել է նա:
Ամիսներ շարունակ երեխաների գործը քննվում էր դատարանում, պնդումներ էին արվում, որ երեխաների մայրը ֆիզիկապես և հոգեպես անկարող է նրանց խնամել, և նրանց պետք է տանել մանկատուն:
Անգամ ի պաշտպանություն երեխաների անցկացրած ցույցերից հետո, անցյալ ամիս վերջնական որոշում է կայացվել նրանց արտաքսելու վերաբերյալ: Հայաստանն ապահով երկիր է, և հետապնդման որևէ սպառնալիք չկա, ասվում է եզրակացության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ