Օգոստոսի 3-ին իրենց վրդովմունքն արտահայտելու համար Սյունիքի մարզպետարան էին եկել Կապանում գործող «Սյունիք ֆուդ» ընկերության մի խումբ աշխատակիցներ. վերջիններիս հանդիպեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:
Պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության աշխատակիցները պահանջում են իրենց վերջին 2 ամսվա աշխատավարձը, որը չեն ստացել: Նրանք (ներկայումս չեն աշխատում) նաեւ հետեւյալ հարցերի հստակ պատասխանն էին ուզում լսել՝ աշխատելո՞ւ է, արդյոք, «Սյունիք ֆուդը», թե՝ ոչ, շարունակե՞ն սպասել, թե աշխատանք փնտրեն: Չնայած աշխատավայրը թողնելուց հետո էլ նրանք հիմնականում գործազուրկ կդառնան, քանի որ Կապանում կանանց աշխատատեղերի մեծ խնդիր կա:
Կարեն Համբարձումյանը նշեց, որ գիտի առկա իրավիճակի մասին եւ մտահոգված է, որ այն հնարավորինս արագ շտկվի. ինքը նախորդ շաբաթ հանդիպել է ընկերության տնօրենի հետ, ով հավաստիացրել էր, որ կմարի աշխատավարձի պարտքերը, ինչը չէր կատարվել ու տեղիք էր տվել աշխատակիցների նման բողոքի ակցիայի:
Մարզպետը նաեւ տեղեկացրեց, որ այժմ թե՛ ինքը, թե՛ տնօրենը, թե՛ կառավարությունը ներդրող են փնտրում, ներդրումներ են պետք՝ առկա վարկային պարտավորություններն ու աշխատավարձի պարտքերը մարելու, ինչպես նաեւ արտադրությունը շարունակելու համար: Գործարարը, որի հետ վերջերս ներդրումների պայմանավորվածություն կար ու սկսել էին համագործակցել, այժմ միայն արտադրած պահածոներն իրացնելու պատրաստակամություն է հայտնել: «Կարեւորում եմ, որ գործարանն անպայման սկսի աշխատել, այն զբաղվածության լուրջ խնդիր է լուծում Կապանում, բայց այս պահին ինձ համար մտահոգիչ է նաեւ, որ ներկա ամառային ակտիվ շրջանում մթերում չի կատարվում, հումք չի կուտակվում… Եթե վաղը ներդրող գտնվի ու փորձի աշխատել, ի՞նչ պետք է արտադրի: Ուստի, առաջնային է նաեւ այն, որ գործարանը հնարավորինս շուտ սկսի մթերում իրականացնել», – ասաց մարզի ղեկավարը: Նա խոստացավ, որ գալիք շաբաթ մայրաքաղաքում կրկին կառավարության ներկայացուցիչների հետ կքննարկի հարցը:
Սյունիքի մարզպետարանի հաղորդագրություն