ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանն այսօր ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում գերատեսչության աշխատանքները՝ նշեց. «Նախարարության առաքելությունը մեր երկրում իրականացվում է հիմնականում չորս ուղղություններով. բարձրագույն նվաճումների սպորտ, մանկապատանեկան սպորտ, մասսայական սպորտ եւ երիտասարդության խնդիրներ:
Հաշվետու ժամանակաշրջանում բարձրագույն նվաճումների ոլորտում մենք ունենք բավականաչափ ձեռքբերումներ թե հենակետային մարզաձեւերի մասով, թե այլ մարզաձեւերի, որոնց հետ վերջին տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են կատարվել ֆեդերացիաների, սպորտի պետական կառույցի եւ ՀԱՕԿ-ի համատեղ ջանքերով: Բոլորովին վերջերս հեծանվասպորտի Եվրոպայի չեմպիոն եւ ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ ունեցանք: Դրանից առաջ լուրջ նվաճումներ արձանագրեցին մեր ազատ եւ հունահռոմեական ոճերի երիտասարդական հավաքականները:
Նախարարությունը կազմակերպական լուրջ աշխատանքներ է իրականացնում նաեւ այլ մարզաձեւերի զարգացման գործում, ինչի արդյունքում արդեն հոկտեմբերին Երեւանում կանցկացվի գեղասահքի աշխարհի գավաթի խաղարկությունը, մոտ օրերս այստեղ կանցկացվեն ուշուի ասիական խաղերը: Այն ուզում ենք դարձնել ավանդական եւ դարձնել մեր բրենդը»:
(Հատուկ այս հաշվետվության առիթով մամուլի համար պատրաստված տեղեկատվության մեջ նշված է, որ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները մասնակցել են 73 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ բոլոր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, որտեղ նվաճել են 37 ոսկե, 22 արծաթե եւ 34 բրոնզե մեդալներ (Ա. Հ.)
«Մանկապատանեկան ոլորտում մեր հիմնական աշխատանքները մարզադպրոցների հետ են, որտեղի սաներով համալրում ենք պատանիների, երիտասարդների հավաքականները: Այս տարի նախաձեռնում ենք հասնել այն բանին, որ մեր մարզական քաղաքականությունը բոլոր առումներով հնարավոր լինի ճիշտ ներկայացնել բոլոր ՄՊՄԴ-ներում՝ անկախ գերատեսչական պատկանելիությունից», – ասաց նախարարը:
«Մասսայական սպորտի մասով իրականացնում ենք համապետական 12 ծրագրեր բոլոր տարիքային շերտերի հետ՝ սկսած նախադպրոցական տարիքային խմբերից, մինչեւ տարեցներ: Չկա այնպիսի տարիքային խումբ կամ հասարակական խավ, որը նախարարության ծրագրերում ներառված չլինի: Անցած տարի մեր ծրագրերի շրջանակներում ունեցել ենք մոտ 113 հազար մասնակից, իսկ 2018 թվականի մինչեւ այս պահը, այդ թիվը արդեն գերազանցել է 150 հազարը: Մեր հաշվարկներով այդ թիվը մինչեւ տարեվերջ կհատի 200 հազարի շեմը», – նշեց Լեւոն Վահրադյանը:
«Երիտասարդության մասով մեր առջեւ խնդիր ունենք դրված՝ լրացնել օրենքի դաշտում եղած մի կարեւոր բացթողում՝ «Երիտասարդության մասին օրենքը»: Հիմա մշակվում է օրենքի նախագիծ, որը կներկայացնենք կառավարություն. եւ կարծում եմ, տեսանելի ապագայում այդ օրենքը կլինի»,-նախաբանն ավարտեց նախարարը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ