Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները շատ քաղաքական ուժերի համար անսպասելի են լինելու:
«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողները հետ հանդիպմանը Արմեն Բաղդասարյանը նշեց, թե մինչև քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի վերջին հայտարարությունը տպավորություն կար, որ այս ընտրություններում ընդդիմություն չկա, բայց Հայկ Մարությանը՝ իր՝ սև ու սպիտակի մասին ելույթով արհեստականորեն ստեղծեց իրավիճակ, երբ ինքն իշխանության թեկնածու է, իսկ մյուսներն ընդդիմություն. «Սա որոշակի ինտրիգ մտցրեց ընտրությունների մեջ: Եթե մինչև հիմա ակնհայտ էր, որ թեկնածուներից որևէ մեկը Հայկ Մարությանի դեմ չի պայքարելու, հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ բոլոր թեկնածուները պայքարելու են իրենք իրենց և միաժամանակ Հայկ Մարությանի դեմ, քանի որ նա ինքն այդ սահմանը գծեց. ամեն դեպքում նստվածքը մնաց, և մրցակիցները օգտվում են դրանից:
Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ լուրջ ծրագրային պայքար չի լինի, քանի որ Երևանի դեպքում բոլորի անելիքները հստակ են և ծրագրերը նույնն են, նույնն են նաև երևանցիների ակնկալիքները. «Քաղաքական հստակ պայքար է լինելու: Պարզապես այս ընտրությունների ժամանակ ընտրողների մի մասը Հայկ Մարությանին սիրելով՝ ձայն է տալու նրան, մյուսն էլ նրան սիրելով չի տալու, քանի որ լինելով տաղանդավոր դերասան, չեն ցանկանում, որ նա հայտնվի քաղաքապետի աթոռին»:
Արմեն Բաղդասարյանը շեշտեց՝ Հայկ Մարությանը համաժողովրդական թեկնածու չէ, այլ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է. «Հայկ Մարությանի թեկնածությունը քննարկվել է ոչ թե համաժողովրդական քննարկումների արդյունքում, այլ եղել է ՔՊ-ի ղեկավար մարմնում: Ուստի ընտրությունները լինելու են այն մասին, թե արդյոք հասարակությունն անվերապահորե՞ն է մասնակցում ընտրության, թե՞ այնուամենայնիվ, աջակցելով Նիկոլ Փաշինյանին խմբագրելու և մտածելու է՝ այդ հորդորը ընդունի՞ թե՝ ոչ: Այս ընտրությունները լուրջ փորձություն են լինելու և՛ իշխանությունների, և՛ հեղափոխության, և՛ մյուս քաղաքական ուժերի, և՛ երևանցիների համար: Երևանցիները պիտի որոշեն ընտրում են հեղափոխությա՞ն թեկնածուին, թե՞ այն թեկնածուին, որ լավագույնս կղեկավարի Երևանը»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նկատեց՝ Երևանի ավագանու ընտրություններն ինչ-որ առումով անակնկալ էին: Ուստի գիտակցելով, որ հնարավոր չի լինի ԸՕ-ն փոխել մինչև այդ ընտրությունները, կամ եթե փոխեն էլ, չեն կարող այդ փոփոխությունները գործել ընտրությունների ժամանակ, այդ պատճառով որոշում է կայացվել ԱԺ-ին ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Այն երկու օրից կքննարկվի ԱԺ-ում: Դանիել Իոաննիսյանը մանրամասնեց. «Փոփոխությունների փաթեթում կա առաջարկ տուգանել բեյջ չունեցող հանձնաժողովի անդամին, դիտորդին, վստահված անձին, տուգանվելու են նաև մարդիկ, որոնք անընդհատ մտնում-ելնում են ընտրատեղամաս»:
Մյուս կողմից Դանիել Իոաննիսյանը նկատեց՝ իրավապահ մարմինները չունեն դեռ քաղաքական կամք պաշտպանելու գործող ընտրական օրենսգիրքը. «Այդ պատճառով քաղհասարակությունը հանդես եկավ փոփոխությունների փաթեթով»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս ընտրություններին քաղաքացիական վերահսկողությունը չի լինի միակ հուսալի միջոցը. «Նախկինում հաճախ նկատել ենք, որ դիտորդական առաքելություն իրականացնողներն են լինելու ընտրախախտումներ կանխարգելողներն ու արձանագրողները: Հուսով ենք՝ փոփոխություն կլինի: Մենք դիտորդական առաքելություն իրականացնելու ենք անկախ հասարակական դաշինքով, որի ժամանակ ինչպես ասացի, կլինի վերլուծություն: Նկատել ենք, որ կա միջազգային որոշակի հետաքրքրություն. երկու միջազգային կազմակերպություն է գրանցվել: Պետք է հասկանալ՝որքանով են այդ կազմակերպությունները նպատակադրվել ընտրական բացերի բացահայտմանը, քանի որ ես ունեմ որոշակի մտահոգություններ, թե որքանով նրանք արդյունավետ կլինեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայկ Մարությանին մի մեղադրեք,իր գիտակցական կյանքի ընոացքում իշխանության թեկնածուի դեմ ,,խաղ,,չի եղել՝այդ է տեսել քսանհինգ տարի անընդմեջ…:ԻՆքը որտեղից իմանա,որ իրադրություն է փոխվել…