Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ եւ Տաջիկստանի կառավարությունների միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն ասաց, որ գիտական աստիճանների, կոչումների հետ կապված երկու պետություններն էլ ունեն նույն կարգը, առաջարկվում է ուղղակի ճանաչել համապատասխանաբար, օրինակ, իրենց դոցենտը ճանաչվի մեր դոցենտին համարժեք:
Եթե պետությունների կրթական համակարգում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, ապա, ըստ համաձայնագրի, կողմերը պետք է տեղեկացնեն դրա մասին:
Կառավարությունը գտնում է, որ այս համաձայնագիրը կնպաստի, որ Տաջիկստանից ավելի շատ ուսանողներ գան Հայաստան եւ երբ վերադառնան, աշխատանք գտնելիս ներպետական օրենքներով որեւէ խնդիր չի առաջանա՝ մեր դիպլոմի հարցով:
Պետությունները պարտավորվում են, որ եթե իրենց ներպետական օրենսդրությամբ որեւէ այլ բան է նախատեսված, օրինակ, որեւէ կրթական աստիճան ավարտելու համար, ապա օտարերկրացի ուսանողը պարտավորվում է հետեւել իրենց ներպետական օրենսդրությանը:
Համաձայնագիրը պետբյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի դնում:
Հանձնաժողովի նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը հիշեցրեց, որ Բարձրագույն կրթության հետ կապված փոփոխություններ են նախատեսվում, ուստի հարցրեց՝ խոչընդոտներ չե՞ն լինի այս առումով: Փոխնախարարը պատասխանեց, որ ուղղակի պետք է համապատասխան խողովակով գործընկեր պետությանը տեղեկացնեն փոփոխությունների մասին, որեւէ խոչընդոտ չի լինելու:
Արեւիկ Անափիոսյանը խոսեց նաեւ կրթության ոլորտում փոփոխությունների մասին: Նա ասաց, որ փոփոխությունների հիմնական մեխն այն է, որ ըստ առաջարկների ու քննարկումների, կրթությունն ու գիտությունը տարանջատելը նպատակահարմար չէ. «Այժմ փոփոխությունները միտված են արհեստականորեն անջատված երկու ոլորտները բերել, ավելի օրգանիկ դարձնել եւ գիտություն-կրթություն անջրպետը քանդել եւ այնպես անել, որ գիտությունը կրթության համար ծառայի հենք: Մոտ ապագայում կլինի փաստաթուղթ, որը հանրային քննարկումների կներկայացվի»:
ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հետաքրքրվեց՝ նշված փաթեթով կամ այլ նախագծով անդրադառնալո՞ւ եք Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին, գործառույթներին: Փոխնախարարը պատասխանեց, որ կրթական բոլոր հաստատությունների հետ կապված նախարարությունում քննարկումներ անցկացնում են: Նա ասաց, որ ԳԱԱ-ն խնդիր պետք է դնի իր առջեւ եւ երկու ուղղությամբ զարգանա. գիտություն՝ տնտեսության համար եւ գիտություն՝ հանուն գիտության, որը կարող է առաջանցիկ լինել եւ հենք հանդիսանալ՝ նաեւ կրթության զարգացման համար: Այս երկու խնդիրները, ըստ փոխնախարարի, մինչ օրս հստակ դրված չեն եղել: Եվ գիտության զարգացման հայեցակարգը մշակելիս այդ խնդիրն են դրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ