«Կարծում եմ՝ թյուրըմբռնում կա: Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձեւակերպումներ այնքան է ճշգրիտ չեն եղել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանի աղմկոտ հայտարարությանը, թե «իրենց դեմը խաղ չկա», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ»,-համոզմունք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է Մարությանի դիտարկմանը, թե քաղաքական ուժերի մեջ կան «սեւեր» ու «սպիտակներ», Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, ոչ թե սեւի եւ սպիտակի»:
Մեկնաբանելով տեղեկությունները, թե Փաշինյանը պատրաստվում է ՀՀ նախագահ նշանակել Լեւոն Տեր-Պետրոսյանին, վարչապետն ասաց. «Եկեք աբսուրդ բաներ չխոսենք: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընտրվել է այս տարվա մարտին եւ դեռ յոթ տարի էլ պետք է պաշտոնավարի»:
Կալանավոր Շանթ Հարությունյանի՝ լրագրողների հետ հանդիպում կազմակերպելու ցանկության մասին էլ Փաշինյանն ասաց. «Ես դիմել եմ արդարադատության նախարարին եւ հանձնարարել եմ օրենքով սահմանված կարգով նման հնարավորություն տալ: Ես խնդիր չեմ տեսնում»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նաեւ հարցադրմանը, թե ինչու սեպտեմբերի 3-ին՝ Արցախի անկախության օրը, ինքը Ստեփանակերտում չէր: «Դրանից մեկ շաբաթ առաջ էի այնտեղ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինքը շեշտեց՝ բացառիկ է, երբ ՀՀ վարչապետը երեք ամսում երեք անգամ լինում է Ստեփանակերտում: Կարծում եմ՝ Արցախում ՀՀ-ն բարձր ներկայացվածություն ուներ այդ օրը՝ նախագահ, փոխվարչապետ…իսկ Հովիկ Աբրահամյանի ներկայության մասին հարցը պետք է Արցախի իշխանություններին ուղղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հայկ Մարութեանը լաւ բան չի ասել: Նա սխալուել է ու զղջացել: Անփորձ մարդ է, պատահում է: Եկէք աւելի զգոյշ խօսենք եւ որ ամենակարեւորն է ներողամիտ լինենք՝ մանաւանդ որ նրա ասածի մէջ չարութիւն ու ատելութիւն չկար, ի տարբերութիւն Վիգէն Սարգսեանի, որի գրածներում մաղձն ակնյայտ էր 🙂