Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները Բելառուսում ՀՀ նոր դեսպանի հետ քննարկել են հայ-բելառուսական օրակարգի կնճռոտ հարցերը

Սեպտեմբեր 04,2018 13:47

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ բարեկամական խմբերի գործունեության ուղեցույցը:

«Ելք» խմբակցության պատգմավոր Ալեն Սիմոնյանը հանձնաժողովի նախագահ, ուղեցույցի համահեղինակ Արմեն Աշոտյանին հարցրեց՝ «Հակասության մեջ չե՞նք մտնելու ՀՀ արտգործնախարարության, դեսպանատան գործունեության հետ, չի՞ ստացվելու, որ մենք ինչ-որ գործառույթ ենք մեր վրա վերցնելու, խանգարենք իրար»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Իրականության մեջ խորհրդարանական դիվանագիտությունը տալիս է աշխատելու գործիքակազմ՝ ՀՀ ազգային եւ պետական շահերի առաջխաղացման համար: Այդ շահերը տարբեր քաղաքական ուժեր, որոնք ներկայացված են խորհրդարանում, կարող են տարբեր կերպ բանաձեւել: Բայց կա ընդհանուր շրջանակ, որի մեջ բոլոր քաղաքական ուժերը, անկախ օրվա քաղաքական կառուցվածքից՝ իշխանություն-ընդդիմություն, երբեք չի խախտվել: Խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունը ԱԺ-ում տրված է Սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգ օրենքով: Այսինքն, առանց այս որոշման էլ ԱԺ-ն իր լծակներով՝ միջխորհրդարանական պատվիրակություններով, հանձնաժողովներով եւ բարեկամական խմբերով կարող է աշխատել»:

Աշոտյանն ասաց, որ ընդունում է, որ քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ կա արտգործնախարարության հետ առավել արդյունավետ աշխատելու, փոխգործակցության խնդիր. «Մեր հանձնաժողովն այդ խնդիրը լուծում է, որովհետեւ անկախ գործող արտգործնախարարի եւ նախարարության մեր այլ գործընկերների հետ մեր ունեցած տարաձայնություններից՝ հանդիպումներ, քննարկումներ մենք ունեցել ենք: Մնացածը կախված է բացառապես ինֆորմացիայի փոխանակումից եւ ինտենսիվ աշխատանքային հարաբերություններից»:

Աշոտյանն ասաց, որ փոխնախարարները կարող են օգնել բարեկամական խմբերին՝ ձեւավորել ՀՀ-ի համար կարեւոր օրակարգ:

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները լրագրողների համար դռնփակ քննարկում են ունեցել Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Ղեւոնդյանի հետ (լուսանկարում): Արմեն Աշոտյանը նշեց, որ մինչեւ իր պարտականությունների կատարմանն անցնելը պատգամավորների հետ համատեղ ուզում են քննարկել հայ-բելառուսական կապերի զարգացման հարցերը, նաեւ հայ-բելառուսական օրակարգի կնճռոտ հարցերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930