Սեպտեմբերին սպասվելիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու է հայ-ռուսական հարաբերությունների ողջ շրջանակը: «Բոլոր հարցերը քննարկվելու են»,-լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ այն փաստում, որ Պուտինն օրերս շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը»: Փաշինյանը բացասական պատասխան տվեց. «Դա անձնական հարաբերությունների խնդիր է: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը գնահատում ու պահպանում է: Խոսքը նաեւ երկրների նախկին եւ ներկա ղեկավարների մասին է: Օրինակ՝ չնայած ԵՄ-ի հետ բարդ հարաբերություններին, նա վերջերս մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»:
Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ Պուտինը նախորդ տասը տարում չէր շնորհավորել Քոչարյանի տարեդարձը, վարչապետը նշեց. «Ճիշտն ասած՝ վիճակագրությունը չեմ ուսումնասիրել, ինչպես դուք»:
Ապա Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Մարտի 1-ի քրեական գործով վերջերս ինքը ցուցմունք չի տվել. «Երբ անհրաժեշտություն լինի՝ կտամ»:
Գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին էլ վարչապետն ասաց. «Նրանք, ովքեր ՀՀ օրենքով կարող են մասնակցել, կմասնակցեն»:
Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, թե ՀՀ-ում իրավիճակը շարունակում է «եռալ», Նիկոլ Փաշինյանը հեգնեց. «Այսօր իսկապես շոգ էր բավականին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հիանալի դիւանագիտական պատասխաններ է տալիս 🙂
Ես ուզում եմ առիթից օգտուեմ ու մէկ անգամ եւս իմ աջակցութիւնը յայտնել մեր սիրելի վարչապետին ու նրա քաղաքականութեանը: