Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ բարեկամական խմբերի գործունեության ուղեցույցը:
Հանձնաժողովի նախագահ, ուղեցույցի համահեղինակ Արմեն Աշոտյանն ասաց, որ բարեկամական խմբերի գործունեությունը հանրության մի հատվածի մոտ ընկալվում է որպես քաղաքական տուրիզմ ու իրենց քննարկման նպատակն է վերջ դնել այդ ընկալումներին: Նա նշեց, որ եթե այդ ընկալումները նաեւ օբյեկտիվ հիմք են ունեցել, նաեւ վերջ դնելու այդ օբյեկտիվ իրականությանը: Ըստ Աշոտյանի ուղեցույցը, որը ներկայացված է, բոլոր բարեկամական խմբերին միատեսակ աշխատելու հնարավորություն է տալիս եւ ապահովելու է ՀՀ-ի դիվանագիտության համար ոչ միայն խորհրդարանական, համապատասխան քաղաքական հնչեղություն եւ կապեր. «Նոր շեշտադրում է արված առ այն, որ բարեկամական խմբերի գործունեության թիրախը չպետք է լինի բացառապես գործընկեր պետության խորհրդարանը, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ քաղաքական կարծիքները ձեւավորվում են նաեւ հասարակական, հանրային տրամադրությունների ներքո եւ առաջարկում ենք, որ բարեկամական խմբերը կապեր հաստատեն, կարողանան աշխատել նաեւ գործընկեր երկրների ԶԼՄ-ների, հասարակական կառույցների հետ՝ առաջ տանելով նաեւ ՀՀ ազգային եւ պետական շահերը՝ ձեւավորել հայանպաստ դրական կարծիք: Ներկայացված փաթեթը ենթադրում է նաեւ հաշվետվողականություն»:
Ըստ Աշոտյանի, հաշվետվողականությունը իշխանության բոլոր ճյուղերում բավականին ձեւական է եւ ֆորմալ, այդ տեսակետից որակական ցուցանիշներ են ուզում առաջարկել՝ նման տեսակի հաշվետվությունների համար:
Մյուս խնդիրը, որը փորձելու են լուծել այս փաստաթղթով, վերաբերում է ինստիտուցիոնալ հիշողությանը: Ամեն մի նոր խորհրդարան կամ բարեկամական խմբի նոր ղեկավար տպավորություն կա, որ իր աշխատանքը սկսում է զրոյից, այնինչ, մինչ իր նշանակվելը նախորդներն աշխատանք տարել են, բայց աշխատանքը պահեստավորված չի: Որպեսզի ամեն ընտրություններից հետո նոր խորհրդարանը ստիպված չլինի մտածել, որ զրոյից է սկսում, փորձելու են կատարած աշխատանքը շտեմարանավորել:
Աշոտյանն ասաց, որ ԱԺ-ում գործող 59 բարեկամական խմբերն ունեն շատ բազմազան կառուցվածք: Կան խմբեր, որտեղ անդամների թիվը 7-8 է, կան խմբեր, որոնց անդամների թիվը տասնյակներով է չափվում, այս տեսակ բաշխվածությունը այդ պահին աշխարհագրական ճաշակի հարց է, ակնհայտ է, որ 20-30 հոգին միատեսակ չեն աշխատում: Աշոտյանը գտնում է, որ խորհրդարանը պետք է խմբակցությունների միջեւ հավասար բաշխի, արդար ու ազնիվ սկզբունքով բաշխի բարեկամական խմբերը, նրանց իրավունքներն ու պարտականությունները եւ կազմակերպի բարեկամական խմբի գործունեության ավելի արդար մեթոդաբանություն:
Աշոտյանն ասաց, որ փաստաթղթի վերաբերյալ գործող բարեկամական խմբերի ղեկավարներից ստացել է գրավոր առաջարկություններ:
Ուղեցույցն ընդունվեց միաձայն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ