Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ունենք շատ բացեր, շատ տխուր վիճակ է». Աշոտ Հակոբյան

Սեպտեմբեր 04,2018 12:49

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները շարունակվելու են, իսկ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը նախատեսվում է, որ կլինի վճարովի, ընդ որում, բոլորի համար։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։ Նախարարն ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը: Հիշեցնենք, Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի վճարովի լինելու մասին հայտարարել էր դեռ նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը հստակ չգիտի, թե ճանապարհի շինարարությունը երբ կավարտվի: Համենայնդեպս, հարցին նա այսպես պատասխանեց. «Հնարավոր է` 5 տարում, հնարավոր է` 10-12 տարում։ Սա կախված է միջազգային ֆինանսավորումից եւ մեր աշխատանքի տեմպերից»։ Բայց, նախարարը կարծում է, որ շինարարությունը պետք է շարունակել: Դադարեցնելը, ըստ նրա, կլինի ամենավատ լուծումը։

Նախարարը հայտնեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկու ուղղություններում ամբողջությամբ ավարտել են հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը: Երրորդ ուղղությամբ էլ գրեթե ամբողջությամբ ավարտվել են օտարման եւ տարաբնակեցման ծրագրերը, բացառությամբ Ազատան-Բենիամին 6 կմ հատվածի։

Շարունակվում է նաեւ 2018 թվականի պետական բյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների 26 հատվածների հիմնանորոգումը: Կատարվել է նախատեսված աշխատանքների 69․4 %-ը, ավարտվել են 7 շինարարական օբյեկտների աշխատանքներ։

Տրանսպորտի ոլորտում նախարարը խոստովանում է` «Ունենք շատ բացեր, շատ տխուր վիճակ է»։ Նախարարը hայտարարեց, որ ձեռնամուխ են եղել միասնական տրասնպորտային ցանցի ներդրմանը, ինչի արդյունքում հանրապետության բոլոր բնակավայրերը կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ։

Այժմ, միջմարզային ուղեւորափոխադրումներ են կատարում 75 տնտեսվարողներ, միջպետական՝ 27 տնտեսվարող։ Միասնական ցանցի ներդրմամբ նախատեսվում է յուրաքանչյուր մարզում ունենալ մեկ օպերատոր. «Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ոչ միայն ձեռնտու գծերը, այլ ամբողջ մարզը, կլուծի հիմնական խնդիրը»։ Այստեղ, նախարարը մենաշնորհացման խնդիր չի տեսնում: Ասում է` դա կլիներ եթե ամբողջ ցանցը վաճառեինք մեկ օպերատորի, բայց իրենք մարզերով են առանձին մեկ օպերատոր ստեղծում: Նախարարն ասում է, որ որոշ մարզեր կլինեն, որոնք երկու օպերատոր կունենան:

Տրանսպորտի ոլորտում նախարարությունը մշակել է 3 օրենսդրական նախաձեռնություն և ներկայացրել շահագրգիռ մարմինների քննարկմանը։ Առաջինը վերաբերում է տաքսոմոտորային ծառայությունների բնագավառում խնդիրների լուծմանը և բարելավմանը. «Հավասար պայմաններ պետք է ստեղծվեն բոլոր տաքսի ծառայությունների, այդ թվում օնլայն տաքսի ծառայությունների համար»:

Հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացին, երրորդը`սեղմված բնական եւ հեղուկացված գազով մեքենաների վերասարքավորման գործընթացի կանոնակարգմանը: Նպատակ կա ստեղծել էլեկտրոնային համակարգ, որին պետք է միացվեն բոլոր ստուգաչափման եւ տեղադրման կայանները։ Դրանք տեղեկություններ կտան, թե ո՞ր մեքենան երբ է ստուգաչափվել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930