Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրողների կողմից իրականացված շինարարության ծավալը կրճատվել է 5 անգամ. «168 ժամ»

Սեպտեմբեր 04,2018 12:43

Օգոստոսի 20-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2018 թվականի հունվար- հուլիսի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Այս ցուցանիշներին արդեն անդրադարձել ենք՝ նշելով, որ բոլոր ուղղություններով աճ կա։

Մասնավորապես, այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունն աճել է 4.3%-ով, գյուղատնտեսությունը՝ 4.6%-ով, առևտուրը 8.9%-ով, ծառայությունները 18.7%-ով, շինարարությունը՝ 10.4%-ով։

Հատկապես շինարարության երկնիշ աճը բավականին ուրախալի էր՝ հաշվի առնելով, որ 2009 թվականի ճգնաժամից ի վեր այս ոլորտը չի կարողանում ոտքի կանգնել (բացառությամբ մեկ-երկու տարվա թույլ աճի՝ մնացած տարիներին անկում է գրանցվել)։ Սակայն շինարարության ցուցանիշներում մի մտահոգիչ պահ կար. ճիշտ է՝ հունվար-հուլիս ժամանակահատվածի առումով 10.4% աճ կար, սակայն ըստ ամիսների դիտարկելու դեպքում երևում էր, որ աճը գնալով դանդաղում է։

2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, շինարարությունն աճել էր 19.7%-ով, փետրվարին՝ փետրվարի համեմատ, 25.1%- ով։ Ապրիլից սկսած, սակայն, շինարարության հավելաճը սկսեց դանդաղել։ Այդ միտումը խորացավ հատկապես մայիս և հունիս ամիսներին, երբ շինարարության աճը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, կազմեց, համապատասխանաբար, 8.8% և 4.2%։

Իսկ հուլիսի պատկերն ավելի մտահոգիչ է. աճը մոտեցել է զրոյին։ 2018 թվականի հուլիսին հանրապետությունում իրականացվել է 34.9 մլրդ դրամի շինարարություն, ինչն ընդամենը 0.5%-ով է գերազանցում 2017 թվականի հուլիսի ցուցանիշին։

Օգոստոսի վերջին ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց նաև շինարարության ոլորտի մանրամասն բացվածքը, որտեղ երևում են թե՛ իրականացված շինարարության ֆինանսավորման աղբյուրները, թե՛ ոլորտները։ Ըստ աղբյուրների դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ շինարարության աճի դանդաղումը պայմանավորված է հիմնականում կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալների նվազմամբ։ Այսպես, 2018 թվականի հուլիսին կազմակերպությունների կողմից իրականացվել է 13.2 մլրդ դրամի շինարարություն, որն այդ ամսվա ընդհանուր շինարարության 37.8%-ն է (ամենամեծ տեսակարար կշիռը)։ Սակայն 2017 թվականի հուլիսի համեմատ կազմակերպությունների կողմից իրականացված շինարարությունը մոտ 13%-ով անկում է ապրել։ Այդ թվում՝ օտարերկրյա ներդրողների կողմից իրականացված շինարարության ծավալը կրճատվել է 5 անգամ և հուլիսին կազմել ընդամենը 850.3 մլն դրամ։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930