«Ժամանակը ցույց կտա՝ կտեսնեք, որ չի խանգարի: Ոչ ազգային անվտանգությունը կտուժի, ոչ Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքները»,-լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Նա նշեց, որ ֆեդերացիայի աշխատանքի հետ կապված ծրագրեր ունի, որոնք առաջիկայում ընտրությունների օրը կներկայացնի: «Ոլորտը նախապես ուսումնասիրել եմ: Առաջնահերթությունը մասսայական ֆուտբոլի եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը պետք է լինի: Հնարավորություններ տեսնում եմ»,-վստահեցրեց նա:
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, Արթուր Վանեցյանի խոսքով՝ՀՖՖ-ն ինքնաբավ կառույց է. «Ֆինանսները միշտ էլ կպակասեն, բայց եղածն արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք արդյունքի հասնել: Իսկ եթե անարդյունավետ աշխատանքի մասին փաստեր եղած լինեն՝ կհրապարակեմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ