ՀՀ նոր կառավարության գործունեության մի քանի ամիսների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված խնդիրների, որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ անգամ աննախադեպ ճգնաժամի ֆոնին՝ օգոստոսի 17-ին հանրահավաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայ- ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին, որը հայ-ռուսական հարաբերությունները փոխադրելու է այլ մակարդակի։
Վարչապետ Փաշինյանի «աննախադեպ նախագծի» շուրջ ուշագրավ մեկ այլ հանգամանքն այն է, որ Մոսկվայում պաշտոնական մակարդակում լռում են հումանիտար նախագծի մասին։ Օրերս «Ռեգնում» գործակալությունը, որը բավականին լուրջ կապեր ունի ՌԴ իշխանությունների հետ, գրել էր այն մասին, որ իր աղբյուրները հրաժարվում են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ նախագիծը»՝ «համապատասխան ինֆորմացիայի բացակայության պատճառով»։ «Ռեգնումի» հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ խոսելով «համապատասխան ընթացակարգերի նախնական իրականացման մասին», հետևել է պատասխան, թե ոչ ոք չգիտի՝ դա ինչ է նշանակում։ Միևնույն ժամանակ նշվել է, թե չի բացառվում, որ Փաշինյանի կառավարությունը մշակում է ինչ-որ սեփական «ռուսական նախաձեռնություն»։
Հետաքրքրական է նաև հայտնված տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովն օգոստոսի 30-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է Սիրիայի հումանիտար իրադրությունը, ներառյալ՝ արաբական այդ հանրապետության վերականգնման հարցերը։ Զրույցի ընթացքում, որը կայացել է դեսպանի խնդրանքով, քննարկվել է «մերձավորարևելյան ակտուալ պրոբլեմատիկան՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սիրիայի իրադրության հումանիտար ասպեկտների և երկրի հետհակամարտային վերականգնման գործում բազմադավան սիրիացի ժողովրդին արդյունավետ օժանդակություն ցուցաբերելու խնդիրների վրա»։ Սիրիայի հետպատերազմյան վերականգնման հարցի ուղղությամբ ուշադիր է նաև բելառուսական կողմը։ Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ միասին մասնակցելու է Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանը։ Այս տեղեկությունների համադրման դեպքում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք Սիրիայի հետպատերազմյան վերականգնման ծրագրի շրջանակում է իրականացվելու հայ-ռուսական հումանիտար նախագիծը, ինչը ենթադրում է, որ ՀԱՊԿ երկրներին է առաջարկվել մասնակցել նմանատիպ ծրագրի, թե՞ սա հայկական կողմի առաջարկն է հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված անբարենպաստ մթնոլորտը հաղթահարելու համար։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում