ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 3 օր առաջ իր բջջային հեռախոսին այսպիսի բովանդակության SMS հաղորդագրություն է ստացել. «Պարոն վարչապետ, աշխատում եմ փրկարար ծառայությունում՝ ապրելու հնար չկա…»: Փաշինյանը նշեց. «Հասկանում եմ եւ գիտեմ, որ այս հաղորդագրությունը շատերը կարող էին ուղարկել՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, զինված ուժերից, Ազգային անվտանգության ծառայությունից եւ բազում այլ տեղերից: Մենք գիտենք, որ սա խնդիր է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր պետական կառավարման համակարգում աշխատավարձերը շատ ցածր են նաեւ այն պատճառով, որ պետական միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում. «ՀՀ-ում հնարավոր չէ զարգացում ապահովել առանձին նախարարություններում. այն պետք է լինի ամբողջական: Հուսամ՝ ԱԻՆ աշխատողներն իրենց անձնազոհ աշխատանքով սատար կլինեն այն բարեփոխումներին եւ կամքին, որն արտահայտվել է Հանրապետության հրապարակում՝ ՀՀ քաղաքացու կողմից»:
Վարչապետի բնորոշմամբ՝ հայությունը պետք է ապրի ազատ, երջանիկ եւ բարեկեցիկ ՀՀ-ում. «Ամեն ոք իր բաժին անելիքն ունի այս գործում՝ սկսած վարչապետից եւ ավարտած ԱԻՆ աշխատակցից, որն ապրելու հնար չունի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ