Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարություններ է արել՝ նաեւ կապված Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ։ Ըստ էության, իր հայտնի հայտարարությունից հետո սա առաջին անգամն է, որ տեւական լռությունից հետո նախարար Լավրովն անդրադառնում է հայաստանյան ներքաղաքական կյանքի զարգացումներին եւ դրանց նկատմամբ Մոսկվայի պատկերացումներին ու մոտեցումներին։
Միանգամից արձանագրենք, որ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման նախաշեմին այս հայտարարությունները վկայում են քննարկվելիք օրակարգի «դաժանության» մասին։ Պարզ ասած՝ Լավրովը, իսկ ավելի հավանական է՝ նաեւ ինքը՝ Պուտինը, հայտարարում են, որ «խաղերն» այս անգամ «չեն անցնելու», եւ խոսելու են չափազանց անկեղծ ու չափազանց կոնկրետ։ Իսկ եթե դիվանագիտական բառապաշարը վերծանենք խոսակցականի, ապա Մոսկվան հասկացնում է, որ հետաքրքրված չէ Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդիր քայլերով, որոնք անում են ներքին քաղաքական դաշտում։ Որեւէ կերպ հետաքրքրված չէ եւ չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչը չի արել նաեւ իշխանափոխության ժամանակ։ Սակայն եւ զգուշացնում է, որ տեղյակ է, որ համանման կեցվածք չեն որդեգրել այլ արտաքին խաղացողներ, օրինակ՝ Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը։
Այսինքն՝ Կրեմլից հասկացնում են, որ իրենք թեեւ չեն խառնվում, սակայն Երեւանում պետք է «խելքները գլուխները հավաքեն» եւ արտաքին մյուս խաղացողների «դեմն առնեն»։
Մյուս կողմից, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանը հստակ մեսիջ է ուղարկում, որ ինքն անհանգստացած է այն հանգամանքով, որ իրադրությունը Հայաստանում սկսել է նմանվել «եռացող կաթսայի»։ Ցանկացած եռացող կաթսա ի վերջո թափվում է եւ վնասում շրջապատին։ Այսինքն՝ պետք է իրավիճակը հանգստացնել, բերել նորմալ ջերմաստիճանային վիճակի՝ տհաճ հետեւանքներից խուսափելու համար։
Տիգրան ՎԱՀԱՆԵ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում