«ԱԻՆ աշխատողներին մաղթում եմ քիչ աշխատանք եւ մեծ բարեկեցություն: Նրանք շատ կարեւոր դեր ունեն մեր կյանքում, բայց չենք կարող հուսալ, որ մեր երկրում արտակարգ իրավիճակներն առհասարակ կբացառվեն»,-ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց «վիճակագրությունը», ըստ որի. «Քաղաքացիների կողմից արտակարգ իրավիճակ է գնահատվում նաեւ այն դեպքը, երբ սիրելի կատուն բարձրանում է տանիքին ու չի կարողանում իջնել: Նրանք նաեւ այսպիսի դեպքերով են դիմում փրկարար ծառայությանը: Կցանկանայի, որ մեր երկրում արտակարգ իրավիճակները հենց այդպիսին լինեն»:
Վարչապետը շեշտեց, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը բարձր մասնագիտացում ունի. «Այս նոր ժամանակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, ԱԻ աշխատակցի պետք է վերաբերվել որպես հարազատի, որովհետեւ հարազատներն են առաջինն օգնության գալիս վտանգի եւ ճգնաժամի պահին: Հուսամ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում հարազատի զգացողությունը քաղաքացիների շրջանում կավելանա: Զինվորականները, ոստիկանները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներին ներքաշվելուց: Նույնը վերաբերում է նաեւ ԱԻՆ աշխատակիցներին: Չի կարելի քաղաքական գործընթացներում ներքաշելով՝ վտանգել քաղաքացու այն զգացողությունը, որը վերջինս պետք է ունենա համազգեստավորների հանդեպ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ