Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է ներկայացնում:
– Պարոն Քոչարյան, փաստահավաք խումբն արձանագրել էր, որ իրավապահները Ազատության հրապարակում զննությունը սկսել են օրենքի խախտմամբ։ Մանրամասներ կներկայացնե՞ք։
– Այո, մենք դա արձանագրել ենք…։ Առավոտյան իրենք ժամը 06։30-ին գնացել էին դեպքի վայր՝ Ազատության հրապարակ, զննություն անելու։ Իրենք գիտեին, որ ժամը 06։30-ին չէին կարող զննություն իրականացնել, որովհետեւ քրդատ օրենքով ժամը 7-ից կարող էին։ Անընդհատ մեզ նամակներով խաբում էին, որ 7-ից շուտ չեն գնացել, բայց բոլորը գիտեն, չէ՞, որ էնտեղ կադրեր ունենք, որ Ազատության հրապարակում գործողությունները սկսվել են ժամը 7-ից շուտ, այդ կադրերը փոխանցված են…։
Մեր փաստահավաք գործունեության ընթացքում բազմաթիվ նամակագրություն ենք ունեցել իրավապահ մարմինների, այդ թվում ՆԳ, ԱԱԾ՝ իրենց կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ։ Ստացել ենք պատասխաններ, որը մեզ չի բավարարել, մենք հաջորդ նամակագրության մեջ ցույց ենք տվել, որ չենք հավատում ձեր ուղարկած նամակի բովանդակությանը, որովհետեւ այնտեղ մեկը մյուսին հերքող բաներ ենք նկատել, այսինքն՝ կեղծիքներ ենք նկատել եւ դրանք դարձրել ենք մեր համար անուղղակի ապացույց, որ ինչ-որ բան փորձում են փաստահավաք խմբից թաքցնել թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն։
Ենթադրում եմ, որ ՀՔԾ-ն լրջորեն ուսումնասիրել է մեր ամբողջ նամակագրությունը։ Հիմա շատ ճիշտ են անում, որ գնում են առավոտյան ուսումնասիրությունների բացահայտման ուղղությամբ, որովհետեւ փետրվարի 29-ին ԱԱԾ կողմից գործակալական հաղորդագրության հիման վրա են պլանավորվել այդ ապօրինի գործողությունները, իսկ դա մեզ համար հասանելի չդարձավ, որովհետեւ մինչեւ հիմա էլ թաքցրած են պահում։ Եթե ՀՔԾ-ն եւ քննչական խումբը կարողանա այդ գործակալական հաղորդագրությունները ուսումնասիրի՝ կտեսնի, որ ամեն ինչ շինծու է, որովհետեւ Ազատության հրապարակում այդպես էլ չհայտնաբերվեցին այն մեծաքանակ սպառազինությունները, ձողերը, փայտերը։ Ավելին. այն, ինչ հայտնաբերեցին այդ օրը, շատ շինծու էր՝ երեք ատրճանակ, որը հայտնի չէր՝ ով էր գցել ծառի տակ, որ պահին եւ նույնիսկ մատնահետքերը չկարողացան գտնել, որեւէ ցուցարարի վրա չկարողացան դա սարքել։ Վահագն Հարությունյանի քննչական խումբը չկարողացավ գտնել, թե ի վերջո ո՞ւմ է պատկանում այդ զենք-զինամթերքը։ Ավելին՝ փաստահավաք խումբը նաեւ այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզեց, որ Ազատության հրապարակում զննությանը մասնակցած նույն ընթերակաները ե՛ւ A կետում էին ընթերակա, ե՛ւ Ազատության հրապարակի՝ նույն ժամին, B կետում։ Կեղծիքները այնքան ապաշնորհ են արված, որ դրանք չնկատելն անհնար է: Ես ուրախ եմ, որ ՀՔԾ-ն առավոտյան դեպքերի ուսումնասիրության ընթացքում նկատել է նաեւ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական կեղծիք թույլ տալու փաստը ե քրգործ հարուցել։ Դա շատ լավ հենք է, որ գնան, հասնեն նաեւ այն կեղծիքներին, որոնց հիման վրա մարդկանց են կալանավորել, ապօրինի մեղադրանք առաջադրել ու ապօրինի դատապարտել։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում