Մի քանի նկատառումներ
Հայաստանում թավշյա հեղափոխությամբ ձեւավորված նոր կառավարության հարյուր օրվանից հետո երկրում չկա այն, ինչ կոչվում է «հեղափոխական էյֆորիա», մի՛ փնտրեք։ Սակայն կա հստակ սոցիալական պահանջ՝ արդյունքների պահանջ։ Ո՛չ, խոսքը չի՛ գնում աշխատավարձ-թոշակ-նպաստի՝ «հենց հիմա» բարձրացնելուն, թե՝ «բա ե՞րբ է մեզ համար Փաշինյանը բարձրացնելու՝ լավ ապրենք», սա ձեզ համար Ռուսաստան չէ։ Խոսքը խաղի կանոնների՝ համակարգային փոփոխման մասին է։
Իսկ դա կոնկրետ թիմային աշխատանք է, արդյունքին միտված՝ կշռելի, չափելի, թղթի վրա գրված, գրվածը՝ օրենքի ուժով օժտված, միջին վիճակագրական քաղաքացու համար պարզ եւ հասկանալի՝ հետադարձ կապի շնորհիվ։
Ասվել է բազմիցս, որ հեղափոխությունն ինքնին փոխել է իշխանության իմաստը. այն այլեւս միայն սեփական գրպանը լցնելը չէ, երբ իշխանություն լինելու «ամեն օրը փող է», եւ դա նվաճում է միարժեքորեն։
Սակայն նոր իշխանությանը նոր իմաստ հաղորդելու գործընթացն ամենօրյա եւ բավականին բարդ աշխատանք է։
Ազդակները, որոնք հասնում են հասարակությանն իշխանությունից, միանշանակ չեն եւ անխուսափելիորեն հարցեր են առաջացնում։ Բացի խոսքից՝ բանավոր կամ գրավոր, հասարակություն-իշխանություն հաղորդակցության այլ ձեւ հայտնի չէ։ Հետեւաբար այդ «վերբալ» ազդակներն են մեծապես տպավորություն ձեւավորում, թե ինչ է անում, ինչ է անելու, ինչ կարող է եւ ինչ չի կարող անել իշխանությունը, նաեւ՝ կառավարման նպատակների, որակի, հավաքական ունակությունների եւ կարճաժամկետից մինչեւ երկարաժամկետ հեռանկարների մասին։
Ասել կուզե՝ ժամանակն է ընդունել, որ իշխանության ներկայացուցիչների խոսքերի եւ քայլերի նկատմամբ պահանջներն արդեն իսկ բարձր են եւ էլ ավելի են բարձրանալու։ Զարմանալի չէ, որ, այո՛, ցանկացած վրիպում առավելագույնս շրջվելու է իշխանության դեմ, շահարկվելու է, ճանճից փիղ են փչելու, չեղած, չասված բանն էլ են վերագրելու, իսկ դրականն ընդունելու են շատ դեպքերում առանց ծափահարությունների, բավարարված այն մտքից, որ նրանց «ստիպել են ճիշտ անել»։ Այդ ամենն աշխարհի պես հին է, եւ նեղվելու կամ նյարդայնանալու կարիք չկա։ Մանավանդ, որ հանգամանքների բերումով ահռելի պատասխանատվություն է ընկած այսօրվա իշխանության վրա՝ դուրս բերելու երկիրն այս պղտոր ջրերից՝ պղտոր թե՛ ներսում, թե՛ դրսում։ Աներկբա է, որ անկախ հույզերից եւ սուբյեկտիվ վերաբերմունքից՝ քաղաքացիների եւ պետության կենսական շահերից է բխում, որ նոր կառավարությունը հաջողի, կառավարություն, որը վայելում է ներկայումս աննախադեպ ժողովրդականություն։
Սակայն այդ ծավալի վստահությունը չի՛ կարող լինել անվերջ, դա քաղաքական կապիտալ է, որն օբյեկտիվորեն ժամանակի ընթացքում մաշվելու հատկություն ունի, իսկ անզգույշ խոսքերի կամ քայլերի պարագայում կարող է շատ արագ փոշիանալ, նույնիսկ գոլորշիանալ։ Այստեղ պետք չէ ռեւանշ փնտրել կամ «հակահեղափոխականություն», այս ամենն ուղղակի «այդպես է աշխատում»։
Դրական օրակարգն ուղղակի հրամայական է. դա բարեփոխումների եւ զարգացման ծրագրերն են իրենց ֆինանսավորման բաղադրիչներով, ենթակառուցվածքների հիմնահատակ նորացումը, դա նոր ներքին քաղաքականությունն է անխտիր բոլոր ոլորտներում, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների նոր կոնցեպտի մշակումն է եւ իրագործումը, որն առանց հասկանալի եւ ձեւակերպված տեսլականի՝ ուղղակի հնարավոր չէ որպես ռազմավարություն։
Խոսելու են «վենդետայից», «խունտայից», «հակասահմանադրականությունից», «պոպուլիզմից», «վակխանալիայից» եւ այլնից՝ այն ամենից, ինչով զբաղվել կամ զբաղվողներին սատարել են այսօր խոսողներից շատերը, բայց ո՛չ անխտիր բոլորը։ Քոչարյանը բողոքելու է, Լավրովը մռթմռթալու է, Պուտինը թարս է նայելու, հետխորհրդային բռնապետները «պայթելու» են զայրույթից, Արեւմուտքը երկար-բարակ «գցել-բռնելու» է, Բաքվից նույն մուղամն է հնչելու… Եվ պետք չէ ոչ փորձել խոսքով հակառակն ապացուցել, ոչ էլ չարանալ դրանից կամ «սեւ-սպիտակի» պրիզմայով նայել ամեն ինչին։ Մանավանդ ներսում՝ առանց հաշվի առնելու, որ սա բոլորի իշխանությունն է, այլ ոչ թե միայն յուրայինների։ Ներկայիս գլխավոր խնդիրն է շուտափույթ ձեւավորել համայնքների նոր վարչակազմերը եւ նոր խորհրդարան, իրականացնել քաղաքական սերնդափոխություն, իսկ մնացած հարցերն ուղղակի ածանցվում են դրանից։ Եվ «փոշիանալն» այլ իրական կամ արհեստական խնդիրների վրա մեզ ուղղակիորեն հետ է գցում՝ ստեղծելով ուղղակի սպառնալիքներ։
Բնականաբար հարց է առաջանում եւ առաջանալու. արդյո՞ք իշխանությունը համարժեք է նոր ներքին եւ արտաքին մարտահրավերներին եւ ունակ է դրանք հաղթահարելու կամ չեզոքացնելու՝ ապահովելով զարգացումը։
Այդ հարցի պատասխանը իշխանությունը չի կարող տալ այսօր, վաղը, մեկ շաբաթից կամ մեկ ամսից։ Այդ պատասխանը ձեւավորվելու է ամենօրյա աշխատանքի արդյունքներով։ Այսօր արդեն իսկ ուրվագծվում են այն գործոնները, որոնք խոչընդոտում եւ խոչընդոտելու են դրական արդյունքին։ Դրանց հիմքում են ներկայիս իրողությունները եւ դրանից բխող պատասխանատվության չափը։
Անշուշտ, հեշտ չէ թոթափել քսան տարվա աննորմալ հարաբերությունների հետեւանքները, քսան տարի այդ ամենը ներդրվել է կառավարվող ապատիայի եւ կառավարվող վախի միջոցով։ Այսօր ապատիան հաղթահարված է, այլ է վախի պարագան։ Նոր իշխանության «շահագրգիռ» հակառակորդները իրենց հռետորաբանությունը կառուցում են հենց դրա վրա՝ Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Ալիեւ եւ Պուտին։
Մինչդեռ վախի բան չկա, ամենավախենալու եւ ամենաստոր բանն ինքը վախն է, իսկ սխալները բխում եւ բխելու են հենց վախից՝ վախ ռեւանշից, վախ ռուսական դավադրությունից, ռուսական նենգ խաղերից՝ թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքերով, վախ նոր Հոկտեմբերի 27-ից, վախ ռազմակայանից, ռազմակայանը հանելուց, վախ սխալ հասկացվելուց, վախ յուրայինների «նեղանալուց» եւ յուրայիններին «նեղացնելուց», վախ խնդիրները չհասկանալուց, վախ չհասկացածի մասին հարցնելուց, իսկ հարցնելուց՝ սխալ հասկացվելուց, վախ պատերազմի վերսկսվելուց եւ դրա պատասխանատվությունից, վախ համակարգին «ձեռք տալուց» եւ «ձեռք չտալուց», վախ անորոշությունից, վախ որոշակիացնելուց, վախ, որ կսխալվեն, վախ, որ քիթները կտնկեն, վախ, որ չի ստացվի, վախ, որ կխաբվեն, որ կխաբվենք… եւ այս ամենից սերված, ամեն ինչը թունավորելու ունակ կասկածամտությունը։ Մեր առօրյայի միակ «սեւ» բանն ըստ էության հենց դա է, իսկ մնացածը բազմագույն է, եթե օրենքից դուրս չէ…
Ի վերջո, ո՞րն է «դուխով»-ի էությունը. դա նաեւ բացատրելու կարիք ունի։ Մեծ դեպրեսիայի, կոմունիստամետ եւ մաֆիոզ խմբավորումների տեռորի, համատարած աղքատության, սովի, հուսալքության եւ ապատիայի ճիրաններում հայտնված Ամերիկան 1932-ին նախագահ ընտրեց Ֆրանկլին Դ. Ռուզվելտին, ում տրված էր վերափոխելու երկիրը։ Իր երդմնակալության արարողության ժամանակ նա մի կարեւոր բան ասաց. «Միակ բանը, որից մենք պետք է վախենանք, դա ինքը վախն է՝ անմիտ, անդեմ, չարդարացված սարսափը, որը կաթվածահար է անում նահանջը հարձակման վերածելու անհրաժեշտ ջանքերը»։
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
04.09.2018