Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2000 թվականից ոլորտը հայտարարվեց գերակա ճյուղ, բայց միայն Հովիկ Աբրահամյանի ժամանակ գումար հատկացվեց. «Փաստ»

Սեպտեմբեր 04,2018 11:07

Արդեն երկար տարիներ է՝ իշխանությունները տնտեսական հաջողություններից ու առաջընթացից խոսելիս նշում են, որ IT ոլորտն այն միակն է, որի շուրջ պետք է կառուցվեն երկրի տնտեսական բուրգի մնացած բոլոր նիստերը: Այն, որ ողջ աշխարհն այս ուղղությամբ իսկապես մեծ քայլերով առաջ է գնում՝ գաղտնիք չէ: Որ հայ ծրագրավորողներն էլ արդեն հասցրել են ոլորտի աշխարհի քարտեզի վրա Հայաստանի տեղը նշագրել, դա էլ գիտեն բոլորը: Մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ հասարակությունն արագ տեմպերով վիրտուալանում է: Եվ դա էլ վաղուց նորություն չէ: Այսինքն, աշխարհից հետ չմնալու համար, ուզած թե չուզած, բոլորը օր օրի զբաղվում են իրենց գիտելիքները կա՛մ թարմացնելով, կա՛մ լրացնելով:

Բայց արդյո՞ք այս ամենը բավարար է ասելու, որ այս ոլորտը Հայաստանում արագ տեմպերով զարգանում է, և եթե ոչ այսօր, ուրեմն՝ վաղն իսկապես IT–ն կփոխի ոչ միայն բոլորիս կյանքն ու սոցիալական կարգավիճակը, այլև երկրի քայքայված տնտեսությունը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի լրագրողի զրույցը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:

Ոլորտը կարող է հանգիստ շունչ քաշել

– Պարոն Վարդանյան, տարիներ շարունակ իշխանությունները երկրի տնտեսության ապագայի ու թռիչքաձև աճի մասին խոսելիս առաջին հերթին հիշատակում են բարձր տեխնոլոգիաները: Արդյո՞ք IT ոլորտն իրականում կարող է դառնալ երկրի տնտեսության զարգացման առանցքային ուղղությունը, թե՞ այնուամենայնիվ կշարունակի մնալ որպես բարի ցանկություն:

–Ամեն ինչ պայմանավորված է ծավալներով և այն հանգամանքով, թե ոլորտի հանդեպ իրականում ինչպիսի՞ գործնական տրամադրվածություն ունեն իշխանությունները: Այսօրվա դրությամբ ոլորտի պատասխանատուն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Հակոբ Արշակյանը, մեր կոլեգան է և շատ լավ գիտի մեր խնդիրները: Եվ ես կարծում եմ, որ առաջընթաց ենք ունենալու: Բացի այդ, մեր կազմակերպությունը վերջերս դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների ուղղությունները, որոնք տարբեր նախարարությունների միջև են բաշխված, կենտրոնացվեն և ստեղծվի բարձր տեխնոլոգիաների և ինովացիաների նախարարություն, և ոլորտի խնդիրները ցրված չլինեն նախարարությունների մեջ ու «վերմակն իր վրա քաշելու» միջգերատեսչական քաշքշուկների պատճառով ոլորտը չհայտնվի զոհի կարգավիճակում: Հուսով եմ, որ մեր հորդորը տեղ կհասնի:

Ո՞րն է այսօրվա հրատապ խնդիրը, որը թույլ չի տալիս ավելի արագ զարգանալ:

–Առաջին խնդիրը կրթությունն է, և այդ ուղղությամբ մենք արդեն սկսել ենք լուրջ ծրագիր իրականացնել: Արդյունքներն արդեն տեսանելի են, քանի որ մենք առաջարկել էինք ոչ թե տեսական մի բան, այլ նախկինում փորձարկված: Դա «Արմաթ» լաբորատորիաներն են, որոնց թիվն արդեն 230–ին մոտ է, իսկ մինչև տարվա վերջ կհասնի 250–ի: Մեր խնդրանք–պահանջն այն է, որ «Արմաթ»–ներ ունենան բոլոր դպրոցները, քանի որ անգամ ամենափոքր դպրոցում, որտեղ ընդամենը 28 աշակերտ կա, լաբորատորիայի պարապմունքներին մասնակցում են 18– ը: Սա կադրերի այն նախնական դարբնոցն է, որտեղ եթե երեխան 3–4 տարի հաճախի, ապա 14–15 տարեկանում կարող է ռեալ գործ անել և գումար վաստակել: Մեր լաբորատորիաների մեծ մասը գտնվում է շրջաններում, և գյուղում ապրող ու ռեալ գումար վաստակող երեխան կարող է վաղը–մյուս օրը ապագա տեղական մեծահարուստ դառնալ: Բացի այդ, նույն այդ երեխան բանակ կգնա լուրջ գիտելիքներով և այնտեղ կկարողանա լուրջ ներդրում ունենալ տարբեր ուղղություններով, սկսած անօդաչուների սպասարկումից մինչև տեխնոլոգիական ցանկացած ուղղություն: Ուզում եմ նաև նշել, որ նման գիտելիք ունեցող երեխաները դպրոցն ավարտում են որպես պատրաստի կադրեր և նույնիսկ համալսարան գնալու կարիք չեն ունենում: Այսինքն, որպես սկսնակ կարող են նաև իրենց գիտելիքներն օգտագործելով աշխատանք գտնել:

Հաջորդը կրկին շատ զիլ նախագիծ է, որն արդեն երրորդ տարին է փորձարկվում: Կրթական հաստատությունները և աշխատավայրերը, գտնվելով նույն վայրում, դպրոցում, աշակերտներին իրենց գիտելիքները պրակտիկ աշխատանքում օգտագործելու հնարավորություն են տալիս: Եվ այդ՝ սովորել–աշխատել համատեղումն օգնում է գիտելիքն օգտագործել և արդյունքը գնահատել: Մեր նպատակն է, որ այս նախագիծն էլ «Արմաթ»–ի նման շուտով տարածվի, բայց տարածման համար անհրաժեշտ կլինի մարզերում էլ գրասենյակներ բացել: Այս նախագիծը Երևանում արդեն փորձարկել ենք, հիմա սկսելու ենք Գյումրիում, Վանաձորում և Գորիսում փորձարկել:

Կարող ենք նաև գործազրկության հարց լուծել

-IT ոլորտի բոլոր նախագծերը միայն դպրոցահասակների համար են, բայց կա տարիքային մի խումբ՝ մոտ 30–40 և ավելի տարեկանների, ովքեր ավարտելով բուհը, համալրել են գործազուրկների բանակը: Չի բացառվում, որ նրանցից շատերը նույնպես ցանկություն ունեն իրենց ուժերն այդ ասպարեզում փորձել՝ աշխատանք գտնելու կամ, ինչու ոչ, նույնիսկ սեփական գործը հիմնելու ակնկալիքով: Այդ տարիքային խմբի համար ունե՞ք ծրագիր կամ նախագիծ:

–Եթե պետական մարմինները ցանկանան, կարող են «Արմաթ» լաբորատորիաներն օգտագործել՝ այն դարձնելով համայնքային վերապատրաստման կենտրոն: Եվ մարդիկ, ովքեր վերապատրաստվելու ցանկություն ունեն, կարող են նաև պահանջարկ ունենալ աշխատաշուկայում: Ոլորտը նախորդ տարիներին դժվար էր զարգանում, քանի որ մեր հիմնական պատվիրատուներն արտերկրի ընկերություններն են եղել: Դրան զուգահեռ, քանի որ գումարը դրսից է եկել, մեզ միշտ ստիպել են, որ էլեկտրոնային լուծումները հիմնականում դրսից գնեն: Այսինքն, այնպես են արել, որ իրենց ընկերությունները հաղթեն: Բայց հիմա այդ արատավոր պրակտիկային պետք է վերջ տալ, և հայկական ընկերությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն համակարգերի ստեղծման գործում: IT ոլորտում, սակայն, այլ խնդիրներ էլ կան՝ մասնավորապես հարկային ոլորտի հետ կապված: Մենք սահմանային գոտում գործող IT–ի եկամտահարկից ոչ մի կոպեկ չենք ստանում: Եվ եթե սահմանային գոտում եկամտահարկն իջեցվի 5%, ապա ունենալով նաև մեր սաների բազան, ապա բավականին արդյունավետ պայման կստեղծվի սահմանային գոտում որևէ փորձառու մասնագետի միջոցով նոր ընկերություններ ստեղծելու և զարգացնելու համար:

Ավելի շահեկան, քան հանքարդյունաբերությունը

Բայց տպավորությունն այնպիսին է, որ ոլորտը մի կողմ է գնում, մնացածը՝ մեկ այլ կողմ, և նրանց ճանապարհները այդպես էլ չեն հատվում: Այսինքն, մարդիկ մի տեսակ վախով, սարսափով են մոտենում ոլորտին՝ համարելով, որ իրենք այդտեղ անելիք չունեն: Ի՞նչ եք կարծում, դրա պատճառն արդյոք մասնագիտությունից եկող՝ «պարփակված» լինե՞լն է, թե՞ այլ պատճառներ էլ կան:

–Մենք մամուլում այնքան նյութ ենք հրապարակում, որ եթե մարդիկ այդ ամենի մասին չգիտեն, ապա իրենք իրենց մեջ պետք է մեղքը փնտրեն: Այսինքն, դա նշանակում է, որ այն իրեն չի հետաքրքրում: Օրինակ՝ մենք Թալինից 14–15 տարեկան երեխաներ ունենք, ովքեր հաղթել են հայկական մրցույթում, մասնակցել են Հարավ–արևելյան մրցույթում և հիմա պատրաստվում են մեկնել Միացյալ Նահանգներ և ներդրումներ բերել: Եվ այդ ընկերության հիմնադիրներից մեկը 14 տարեկան է, մյուսը՝ 15: Այսօր նրանք արդեն պատրաստ են աշխատել և արդեն սեփական պրոդուկտն ունեն: Նման դեպքերը շատ են, պարզապես հարկավոր է հետաքրքրվել: Ի դեպ, ներկայում IT ոլորտում ավելի շատ աշխատող կա, քան հանքարդյունաբերությունում, միջին աշխատավարձն էլ հանքարդյունաբերությունից 3 – 4 անգամ ավելի է:

Ստացվում է, որ այս ոլորտը Հայաստանում կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել: Եթե այդպես է, ինչո՞ւ այն ավելի վաղ ժամանակներից նման տեմպերով չէր զարգանում: Ի՞նչն էր խանգարում անցած 15 տարիների ընթացքում այս քայլերն անելու և գործազուրկների թիվը զգալիորեն կրճատելու համար:

IT ոլորտի զարգացման մասին իրենց ծրագրերում գրել են դեռևս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տարիներից սկսած, բայց Հովիկ Աբրահամյանը միակ մարդն է եղել, ում հետ պայմանավորվեցինք «Արմաթ» լաբորատորիաների ուսուցիչների աշխատավարձերի գումարը ֆինանսավորել, և նա դա իրականացրեց: Այսինքն, եթե հետ նայենք, 2000 թվականից՝ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակվանից է ոլորտը հայտարարվել որպես գերակա ճյուղ, բայց միայն Հովիկ Աբրահամյանի ժամանակ էր, որ նման մեծամասշտաբ ծրագիր իրականացնելու համար գումար հատկացվեց: ԿԳ նախարարը որոշում կայացրեց, որ ծրագիրը շարունակվի, ուսուցիչների ֆինանսավորման հատկացումներն արդեն եղել են: Հիմա մենք սպասում ենք հաջորդ որոշմանը, որպեսզի կարողանանք բոլոր դպրոցներում էլ «Արմաթ» լաբորատորիաներ տեղադրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930