Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպասումները, որ իշխանափոխությունից հետո արտաքին կապիտալը ողողելու է Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, չեն արդարանում. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 04,2018 11:01

Սպասումները, որ իշխանափոխությունից հետո արտաքին կապիտալը ողողելու է Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, չեն արդարանում։ Չնայած իշխանության եկած քաղաքական ուժերը ժամանակին հավաստիացնում էին, որ ներդրողները պատրաստ են օր առաջ գալ Հայաստան եւ ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնել, այնուհանդերձ բոլորովին այլ բան են վկայում վիճակագրական կոմիտեի տվյալները։

Դրանց համաձայն, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվություն չկա։ Իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել ներդրումային հոսքերի վրա, այլեւ հակառակն է եղել։

Առաջին եռամսյակում արձանագրված աշխուժությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումների ակտիվությունը կտրուկ ընկել է։ Եթե տարեսկզբի առաջին երեք ամիսներին արտաքին կապիտալի հոսքերը կազմել էին 185 մլն դոլար, ապա երկրորդում ստացվել է ընդամենը 76-77 մլն դոլար։

Ավելին՝ առաջին եռամսյակի աճից հետո երկրորդում ուղղակի ներդրումների մաքուր պաշարները կրճատվել են։ Այլ կերպ ասած, արտահոսքը գերազանցել է ներհոսքին։

Թե ո՞ւր մնացին կառավարության խոստումները Հայաստանի տնտեսության համար ներդրումային բում ապահովելու վերաբերյալ, մնում է միայն գուշակել։ Իրողությունն այն է, որ բացի հայտարարություններից եւ խոստումներից, վերջին չորս ամիսներին կառավարությանը չի հաջողվել ոչ միայն իրականացնել, այլեւ դնել որեւէ քիչ թե շատ լուրջ ներդրումային ծրագրի հիմք։

Ավելին՝ կառավարության գործողությունների հետեւանքով խնդիրների առջեւ են հայտնվել մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր։ Զգալիորեն ավելացել են Հայաստանի տնտեսության ներդրումային ռիսկերն ու մտահոգությունները։ Կառավարության խոստումներն ու գործողությունները ոչ միայն չեն համընկնում, այլեւ որեւէ կերպ չեն բխում ներդրողների շահերից։

Արդարության համար ասենք, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Սակայն նման ակնկալիք ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր միջավայր։ Մի բան, որ բնավ չի նկատվում կառավարության գործունեության մեջ։

Միամտություն է կարծել, որ դատարկ խոստումներով արտաքին կապիտալը կգա Հայաստան։ Գործունեության անցած չորս ամիսներին կառավարությունը որեւէ քայլ չի արել ներդրումների պաշտպանության համար։

Ընդհակառակը, հարուցվել են խնդիրներ որոշ խոշոր նախագծերի իրականացման ճանապարհին։ Նման իրավիճակի առջեւ է հայտնվել մասնավորապես հանքարդյունաբերությունը, որը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է։ Սա այն սահմանափակ ոլորտներից է, որտեղ դեռեւս կան ներդրումային հետաքրքրություններ։ Կասկած չկա, որ այսպես շարունակվելու դեպքում շուտով դա էլ չի լինելու։

Բարդ կացության առաջ է հայտնվել Ամուլսարի ծրագիրը։ Իրականացվել են հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ, սակայն հայտնի չէ դրանց ճակատագիրը։ Շուրջ երկու ամիս է, ինչ դադարեցված է ծրագրի իրականացումը։ Նախագծի հետ կապված իրավիճակը սպառնում է վերածվել միջազգային սկանդալի։ Ոչ վաղ անցյալում ներդրողը հայտարարեց Հայաստանի դեմ դատական գործընթացներ նախաձեռնելու մտադրության մասին։ Մի բան, որ կարող է չափազանց թանկ նստել պետական բյուջեի վրա։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, խոսքը շուրջ 2 մլրդ դոլար տուգանքի մասին է, ինչը չափազանց մեծ գումար է Հայաստանի համար։ Թեեւ եթե նույնիսկ հաշվի չառնենք այդ գործոնը, անկասկած է, որ եղած խնդիրներն ու դժվարությունները, որոնց սկսել են բախվել ներդրողները, լիովին բավարար են արտաքին կապիտալը Հայաստանից վանելու համար։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930