Վրաստանի տարածքով հացահատիկների փոխադրման նոր կարգը շուտով կմտնի ուժի մեջ։ Հիշեցնենք, որ Վրաստանի տրանսպորտի նախարարի հրամանի համաձայն սեպտեմբերի 15-ից ցորենը եւ ալյուրը Վրաստանի տարածքով պետք է տեղափոխվի նավային եւ երկաթգծային տրանսպորտով։ Ներկայումս Հայաստան ներկրվող ցորենն ու ալյուրը գրեթե ամբողջությամբ ներկրվում է բեռնատար ավտոմեքենաներով այն պարզ պատճառով, որ դա էժան է ստացվում։ Նավերին ու գնացքներին անցնելու դեպքում տեղափոխման գինը որոշակիորեն բարձրանալու է։
Ներկայացնենք հետեւյալ հաշվարկները։ Պարենային ցորենի մեկ տոննան Ռուսաստանի հարավից Հայաստան տեղափոխելիս Երեւանում դրա ինքնարժեքը ներկայումս կազմում է 285-290 դոլար։ Դրանից մոտ 11 հազար ռուբլին, կամ մոտ 162 դոլարը ցորենի գնման գինն է, 74-75 դոլարը տեղափոխման գինը եւ 57 դոլարը՝ ավելացված արժեքի հարկը։
Որքա՞ն կկազմի ցորենի մեկ տոննայի ինքնարժեքը Երեւան հասցնելը նավային եւ երկաթուղային տրանսպորտով։ Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ նույն այդ գնով ցորենը կարող է հասնել մինչեւ Փոթիի նավահանգիստ։ Դրանից հետո առաջացած տրանսպորտային ծախսը կլինի այն լրացուցիչ գումարը, որը կավելանա ցորենի գնի վրա Հայաստան հասցնելու դեպքում։
Օրերս հայտարարվեց, որ հայկական եւ վրացական երկաթուղիների պայմանավորվածությունների համաձայն՝ երկաթուղային տրանսպորտով ցորենը նավահանգստից մինչեւ Երեւան հասցնելու գնի վրա կկիրառվի 52 տոկոսանոց զեղչ։ Այսինքն մեկ տոննայի տեղափոխման գինը կկազմի մոտ 22 դոլար։ Սա իրոք մեծ զեղչ է, սակայն նույնիսկ այս պարագայում դա բերելու է ցորեն գնի բարձրացման։ Սպասվում է, որ յուրաքանչյուր կգ ցորենի ու ալյուրի գինը կբարձրանա մոտ 10-15 դրամով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում