Անցած շաբաթ տեղի ունեցավ երեք կարեւոր իրադարձություն՝ մահացավ երգիչ Իոսիֆ Կոբզոնը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ դերասան Հայկ Մարությանը հանդես եկավ անզգույշ հայտարարություններով: Իրադարձությունները Հայաստանի քաղաքացիների եւ հայերի համար «տարբեր քաշային կատեգորիաներում են», բայց համացանցում քննարկվեցին գրեթե հավասարապես եւ նույն «անեծքա-հայհոյական» երանգներով:
Հայկի մասին դեռ կգրեմ: Քոչարյանի մասին արդեն գրել եմ՝ փորձել եմ վերլուծել նրա շանսերը արտահերթ ընտրություններում եւ զերծ մնալ հուզական որակումներից՝ «նա հրեշ է», «նա կործանել է երկիրը», «նրա ձեռքերին արյուն կա»: Վերլուծության ժանրը պահանջում է բանական, կապակցված մտքերի շարադրանք: (Իհարկե, այդ մտքերը կարող են ճիշտ կամ սխալ լինել):
Թե ինչու Կոբզոնն այդքան հուզեց հայերին՝ դժվարանում եմ ասել՝ շարքային խորհրդային էստրադային երգիչ էր՝ օժտված, բայց ոչ շատ տաղանդավոր: Այո, պալատական էր, իսկ ի՞նչ է՝ Լեշչենկոն կամ Մագոմաեւը այլախոհնե՞ր էին՝ երգում էին, եւ նրանց, ինչպես նաեւ Կոբզոնի կատարումները շատերին դուր էին գալիս: Հայերին Կոբզոնը, կարծես թե, լավ էր վերաբերվում՝ այստեղ բարեգործական համերգներ էր կազմակերպում, բայց դժվար թե արժանի լինի «հայ ժողովրդի մեծ բարեկամ» կոչմանը կամ այն շքանշանին, որը նրան մեր պետությունը տվել է: Այո, Կոբզոնը «պետք եղավ» նաեւ Ռուսական կայսրությանը՝ նրան պատգամավոր էին դարձրել, բիզնեսների հնարավորություններ տվել եւ այլն: Բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ է դա այդքան հետաքրքիր հայ ընթերցողներին եւ օգտատերերին:
Իսկ չի՞ կարելի հայ եւ ոչ հայ քաղաքական կամ հասարակական գործիչներին ո՛չ երկրպագել, ոչ էլ անիծել: Ես, օրինակ, բոլոր մարդկանց մեջ ցանկանում եմ տեսնել լավը, լուսավորը՝ աչք չփակելով, բնականաբար, թերությունների վրա: Ցավոք, մենք սովորություն ունենք ինչ-որ թիրախներ ընտրել եւ ատելությամբ լցվել նրանց նկատմամբ եւ պահանջել, որ մնացածները նույնպես կիսեն մեր այդ բացասական զգացմունքները: Մանավանդ՝ ֆեյսբուքի առկայության դեպքում, որտեղ մեկնաբանությունները շատ հաճախ հուզական բացականչությունների շարք են:
Կոբզոնը մաֆիոզի՞ էր: Շատ հնարավոր է: Նույնը Ֆրենկ Սինատրայի մասին են ասում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ