«Դուք ինձանից միշտ փորձում եք վերնագիր կորզել: Աշխատում ենք ընտրությունների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Ավելացնելու ոչինչ չունեմ»,-ԿԸՀ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ չմեկնաբանելով հասարակական որոշ շրջանակների կողմից իր հրաժարականի պահանջը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հեռուստաստղ է, արդյոք դա չի՞ դիտվում որպես քարոզչություն՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին:
Տիգրան Մուկուչյանը հարցադրմանը հստակ չարձագանքեց. «Ամեն ինչին կանդրադառնանք ժամանակին: Ասացի՝ երբ քարոզարշավը մեկնարկի, ԿԸՀ-ն կսկսի մշտադիտարկումները քարոզչության վերաբերյալ: Քարոզարշավի մեկնարկի օրից միայն ԿԸՀ-ն եւ տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացնելու են վերահսկողություն»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պնդումներին, թե նոր Հայաստանում այս ընտրություններն առանձնահատուկ են լինելու, Տիգրան Մուկուչյանն անձնական կարծիք չհայտնեց, միայն նշեց. «ԿԸՀ-ն կատարում է օրենքով վերապահված բոլոր գործառույթները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ