Բարեւ, Շանթ
Այս տարիների ընթացքում հաճախ մտովի քեզ հետ խոսել եմ. երբ հնարավորություն եմ ունեցել որեւէ բան հրապարակելու քո մասին, արել եմ, երբ ոչ, մտքումս կռվել եմ քեզ հետ:
Չեմ մոռանում ամառային թե աշնանային այն օրը, երբ քրոջդ տանը նստած զրուցում էինք. երբեմն մեր զրույցը բանավեճի էր վերածվում, երբեմն՝ խաղաղվում: Այդ օրն էր, որ ասացիր՝ հեղափոխություն ես անելու: Ես էլ հարցրի՝ ինչպե՞ս: Զրույցի մանրամասները կարեւոր չեն, դրանք մերն են: Ես որ՝ հիշում եմ: Բայց մի բան կարեւոր է: Ես ասացի՝ արա, եթե անես, ես կկանգնեմ քո կողքին: Հետո, երբ եղավ այն, ինչ եղավ, երբ դու Ազատության հրապարակում էիր, ես չեկա ոչ մի անգամ: Դա իմ հեղափոխությունը չէր, ներիր: Իսկ երբ արդեն անազատության մեջ էիր, ես իմ չափով ինձ մեղավոր էի զգում:
Այս տարիների ընթացքում քանիցս մտածել եմ դրա մասին. ինչու՞ չեկա, գուցե կարո՞ղ էի ինչ-որ բան փոխել: Մարդը երբեք չգիտե, թե ինչի է ունակ՝ մինչեւ չփորձի: Ես չփորձեցի: Գուցե չէի պատկերացնում ելքը: Գուցե մտածում էի, որ քո՝ արժեքների հեղափոխությունը, այդ քաղաքական-մշակութային-հանրային ակցիան շուտով կմարի՞: Միաժամանակ, քաջ իմանալով, թե որքան համառ ես: Էլի պատճառ կա, որը չէի ուզենա բարձրաձայնել. դրանից չի մեղմվի մեղավորության այն զգացումը, որը ժամանակ առ ժամանակ այցելել է ինձ, երբ հետեւել եմ քո դատին, երբ քո մասին որեւէ լուր եմ կարդացել:
Շանթ ջան, եղբայրս, հիմա մենք այլ ժամանակներում ենք ապրում: Անազատության մեջ գտնվելով, անշուշտ, դու չես զգում դա: Մենք՝ ազատության մեջ ապրողներս (ես սա կարող եմ շատերի անունից ասել), մեզ այնքան էլ լիարժեք ու ինքնավստահ չենք զգում, որ քեզ նման մեկը, որը միշտ ազնիվ է եղել իր քաղաքական պայքարներում (անկախ նրանից՝ քո պատկերացումները համընկել են մեր տեսակետների հետ, թե ոչ), որը եղել է անկեղծների մեջ անկեղծը, չկաշառվողների մեջ՝ անկաշառը, բայց եւ ոչ դիվանագետների մեջ՝ ամենախենթը, որը այս ամենով հանդերձ եղել է նաեւ համառների մեջ ամենատոկունը, դեռեւս անազատության մեջ է: Անկախ նրանից՝ երբեւէ համաձայն եմ եղել քեզ հետ, թե ոչ, միշտ գնահատել եմ քո գոյության փաստը մեր իրականության մեջ:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր «լայվ»-ի ժամանակ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել քո ազատության հարցի շուրջ, թե հեղափոխությունից հետո ինչ եք խոսել հեռախոսով եւ նորից խնդրեց քեզ՝ ընդառաջ գնալ այն պայմանին, որն ինքը իրավասու է ապահովել՝ քո համաձայնության պարագայում:
Դրանից հետո դու հայտարարություն արեցիր, որից մի երկու հատված եմ առանձնացրել:
« …Ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի եւ նախկին վարչապետ Սարգսյանի վարմունքներում…», «եթե Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սարգսյանի վարմունքի հետ, թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու»: Շանթ, չե՞ս նկատում, որ այս ձեւակերպումներով դու ինքդ ես նույնացնում ներկա եւ նախկին վարչապետներին՝ քաջ իմանալով, որ նախկինն էր միջամտում այլ կառույցների աշխատանքին, ցուցումներ ու հանձնարարություններ տալիս՝ գերազանցելով իր լիազորությունների սահմանները:
Եվ հաջորդ հատվածը. «…Այսօր վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին…»: Շանթ ջան, վարչապետը քեզ կշտամբանքով չի դիմել: Ներիր, բայց հավանաբար, այն մարդը կամ մարդիկ, որոնք քեզ են փոխանցել նրա հորդորը, ասվածը ոչ այնքան ճիշտ են ներկայացրել: Հավատացնում եմ, երբ ազատության մեջ կլինես (իսկ ես հուսով եմ՝ շուտով կտեսնենք քեզ ու կգրկենք), ինքդ կդիտես վարչապետի երեկվա խոսքն ու կհամոզվես նրանում որեւէ կշտամբանքի բացակայության մեջ:
Երեկ, վարչապետի եւ քո հայտարարություններից հետո Ֆեյսբուքում բարձրացած փոթորիկը, որը ապահովագրված չէ նույն ձեւով եւ նույն թափով ցանկացած պահի չկրկնվելու, կարող ես միայն դու հանդարտեցնել: Քո ազատությամբ: Քեզ առաջարկված պայմանով քո ազատությունը ընդունելու եւ առաջ քայլելու գնով: Հպա՛րտ քայլելու:
Հավատա՛, եղբայր, որեւէ բան չի կարող խամրեցնել քո պայքարի այն լույսը, որը դու երբեւէ վառել ես քո անկեղծության կրակով: Իսկ քո արդարացմանը դու եւ մենք կարող ենք դիմավորել միասին՝ քո ազատության պայմաններում: Վերջապես որոշում կայացրու՝ հանուն այն տարիների, որոնք ապրել ես եւ ոչ՝ անտեղի: Հանուն քո որդու, որը այս տարիներին մեծացավ առանց քեզ, բայց քեզնով ներշնչվելով: Հանուն այն Հայաստանի, որը քսանամյա լծից հետո փաստել ենք այլեւս: Մեր արել ենք մեր քայլը, արա եւ դու, դու՛րս արի բանտից:
Սպասում ենք քեզ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
լրագրող, հրապարակախոս