Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանից հետաքրքրվեց, թե Շիրակի մարզում կա՞ն դպրոցներ, որոնք առաջին դասարանցիներ չունեն։ «Այո, մարզում ունենք չորս դպրոց՝ Կրաշենի, Ջրաձորի, Զարիշատի և Շաղիկի հանրակրթական հաստատություններն են, որտեղ չունենք առաջին դասարանցիներ, չնայած որ հունվար ամսին կանխատեսել էինք, որ գոնե 1 կամ 2 աշակերտ պիտի ունենայինք»։
Մեր հարցին՝ կա՞ն ուսումնասիրություններ, թե որո՞նք են պատճառները, կրթության վարչության պետն ասաց․ «Կոնկրետ պատճառները ուսումնասիրված չեն, բայց կարելի է ասել՝ հիմնական պատճառներն են ցածր ծնելիությունն և արտագաղթը տվյալ բնակավայրերից։ Հույս ունենք, որ հաջորդ տարի՝ ուսումնական տարին սկսվելուն պես կունենանք առաջին դասարանցիներ։ Դպրոցները նորմալ վիճակում են, պարզապես այս տարի առաջին դասարացիներ չունենք»։
Հրայր Կարապետյանի տեղեկացմամբ, մարզի թվով 32 դպրոցներում էլ առաջին դասարանցիները սակավաթիվ են․ ընդունվել են մինչև հինգ աշակերտ։ Այս պատկերն է հիմնականում գյուղական բնակավայրերում՝ Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանում, որտեղ, ըստ մեր զրուցակցի, ազգաբնակչությունն ավելի նոսր է։
Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի տեղեկացմամբ, այս ուսումնական տարում մարզում առաջին դասարան հաճախողների թվաքանակն աճել է․ նախորդ տարվա 3050 աշակերտի փոխարեն այս տարի ունենք 3132 աշակերտ։
«Սրանք նախնական տվյալներ են, հնարավոր է և մի փոքր ավելանա այդ թիվը, բայց այս պահի դրությամբ ասում են այն թիվը, համաձայն որի բաշխել են Այբբենարանները»,-ասաց Հրայր Կարապետյանը։
Մենք զրուցեցինք նաև առաջին դասարանից չունեցող դպրոցների տնօրենների հետ, այս մասին քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ