2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀԺԱՄ-ը հայտարարել էր ՀՀԿ-ին սատարելու մասին, իսկ ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցում
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում գրանցեց սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 12 կուսակցությունների ընտրական ցուցակները: Մինչ այսօր ընտրապայքարին մասնակցելու մասին հայտարարել էին 13 կուսակցություններ եւ դաշինքներ, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ նրանցից մեկը՝ ՀԺԱՄ-ը՝ «Հայաստանի ժողովրդավարական-ազատական միություն»-ը, ԿԸՀ նիստից րոպեներ առաջ ներկայացրել է ինքնաբացարկ՝ հետ վերցնելով փաստաթղթերը: Նշենք, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀԺԱՄ-ը հայտարարել էր ՀՀԿ-ին սատարելու մասին, իսկ ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցում:
Ապա ԿԸՀ որոշմամբ ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Արա Սուքիասյանի գրանցումը ճանաչվեց անվավեր, քանի որ կուսակցությունը չէր ներկայացրել նրա՝ ՀՀ քաղաքացի լինելու եւ վեց ամսվա հաշվառում ունենալու մասին փաստաթղթերը: Նույն խնդրի պատճառով անվավեր ճանաչվեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Երեւանի հանրություն» նախաձեռնության անդամ Սուսան Հովսեփյանի եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ավագանու թեկնածու Աղասի Փանոսյանի գրանցումը:
ԿԸՀ որոշմամբ սահմանվեցին նաեւ ավագանու ընտրություններին մասնակից-կուսակցությունների հերթական համարները.
1.ԲՀԿ
2.«Երեւանի հանրություն»
3.«Երեւանցիներ»
4.«Երկիր Ծիրանի»
5.«Ժառանգություն»
6.«Ժողովրդավարական ուղի»
7.«Իմ քայլը»
8.«Լույս» դաշինք
9.«ՀՅԴ»
10.«Հայք»(Հայկազունիներ)
11.«Ռեֆորմիստներ»
12.«Օրինաց Երկիր»
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ